Ռուսական 200 մլն դոլար վարկից 30 մլն-ը դեռևս ծախսված չէ, քննարկումներ են ընթանում
2017թ. բյուջեով ՀՀ պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ թվում՝ կապիտալ, նախատեսված են 226 մլրդ դրամ։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ տարեկան նախատեսվում է 26-27 մլրդ դրամով ավելացում, քանի որ 1994 թ. զինադադարից հետո պատերազմի ռիսկը մշտապես կա։
«Դրա համար մենք, որպես երկիր, մշտապես շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայությանը, որովհետև մենք պետք է ամեն դեպքում ռազմական բալանսը պահենք։ Իմ կարծիքով՝ ռազմական բալանսն է, որ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»,- ասաց Վ. Արամյանը։
Ըստ նրա՝ ռուսական 200 մլն դոլար վարկից 30 մլն-ը դեռևս ծախսված չէ, և դրա կապակցությամբ քննարկումներ են ընթանում։ Մինչև 2020թ. պաշտպանական ծախսերը, նախարարի խոսքով, դոլարային արտահայտությամբ կհասնեն 500-600 մլն դոլարի։
«Թիրախավորված է ոչ թե անվանական նիշը, այլ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ 4%-ի չափով, թեև 2017թ. համար 3.71% է եղել»,- ասաց Վ.Արամյանը։