Հարկային քրեական հանցագործությունները պակասել են
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ավելի քիչ հարկային հանցագործություններ է բացահայտել, քան նախորդ տարի: Հարկային ծառայության հրապարակած վիճակագրության համաձայն` ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթի իրականացման վարչության կողմից այս տարվա առաջին 4 ամսում հարուցվել են 131 քրեական գործեր, որոնց արդյունքում վերականգնվել է 1 մլրդ 66 մլն դրամ:
2016 թ. առաջին 4 ամսում հարուցվել էին 168 քրեական գործեր, որոնց արդյունքում վերականգնվել էր 1.2 մլրդ դրամ:
Վարչական իրավախախտումների դեպքում նույնպես նվազման միտում կա: Ըստ վիճակագրության` ՊԵԿ-ի կողմից վարչական իրավախախտումների համար նույն ժամանակահատվածում տույժ նշանակելու մասին որոշումների քանակը կազմել է 10489, իսկ դրանցով փաստացի գանձվել է 215 մլն 208 հազար դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 12138 որոշումների և 272 մլն 791 հազար դրամ գանձումների դիմաց: