Պորոշենկոն մեկնում է Վրաստան
Պաշտոնական այցով այսօր՝ հուլիսի 17-ին, Վրաստան կայցելի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Վրաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Պորոշենկոն Թբիլիսի կժամանի տիկնոջ, Ուկրաինայի կառավարության ու գործարար համայնքի ներկացուցիչների հետ:
Վրաստանի նախագահական նստավայրում հուլիսի 18-ին նախատեսված է Պորոշենկոյի դիմավորման արարողությունը, այնուհետև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպում, երկկողմ համաձայնագրերի ստորագրում, որից հետո երկու երկրների նախագահները լրատվամիջոցների առջև հանդես կգան համատեղ ասուլիսով:
Ուկրաինայի նախագահը կայցելի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ կտեղադրի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշակոթողին, կլինի նաև Խորհրդային օկուպացիայի թանգարան:
Պյոտր Պորոշենկոն և Գիորգի Մարգվելաշվիլին կայցելեն Վրաստանի կողմից չվերահսկվող Խուրվալեթի գյուղ՝ տեղում ծանոթանալու շփման գծում տիրող իրավիճակին:
Հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են նաև Պյոտր Պպորոշենկոյի հանդիպումները վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հետ:
Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ Թբիլիսիում կմեկնարկի վրաց-ուկրաինական գործարար ֆորումը:
Պաշտոնական այցի շրջանակներում Պորոշենկոն կայցելի նաեւ Սվանեթի եւ Աջարիա: