«Այս դատավարությունը հիմա առանց Վահան Շիրխանանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները». Հայկ Ալումյանը լքեց նիստերի դահլիճը
Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լքեց դատական նիստերի դահլիճը։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստին Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել։
Նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում դատավոր Արմեն Բեկթաշյանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել՝ նրան հեռացնելով դատական նիստերի դահլիճից։
Դատավորն ասաց, որ գործով նոր մեղադրող է ներգրավվել՝ դատախազ Էդգար Ասատրյանը, և հետաքրքրվեց՝ արդյոք կողմերն ունե՞ն բացարկի միջնորդություն։
Հայկ Ալումյանն ասաց, որ, եթե դատարանը համարում է, որ Վահան Շիրխանյանը դատարանի կողմից կիրառված սանկցիայի հիման վրա դեռևս հեռացված է դատական նիստերի դահլիճից, ապա ժամկետները հաշվարկելիս դատարանը կոպտորեն խախտում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը։
«Հիմա իմ պաշտպանյալն այստեղ չէ։ Իմ պաշտպանյալն ասելիք ունի այս դատավարությունում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, Դուք իմ կարծիքն եք հարցնում դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ, մինչդեռ ես այս հարցի վերաբերյալ պետք է իմանամ իմ պաշտպանյալի կարծիքը։ Ես գտնում եմ, որ այս դատավարությունը հիմա առանց պարոն Շիրխանանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները»,- ասաց Հայկ Ալումյանը։ Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է դատական երեք ժամին, որի լրանալուց հետո Վահան Շիրխանյանը կներկայացվի նիստերի դահլիճ։
Հայկ Ալումյանը նշեց, որ առանց Վահան Շիրխանյանի այս դատավարությունը չի կարող տեղի ունենալ։
Դատավորն ասաց, որ անընդհատ ձգձգելու միտում կա, Հայկ Ալումյանն էլ հակադարձեց, որ այն համոզմանն է, որ դատարանն է ձգձգում դատավարությունը։ «Սկսած այն ժամանակվանից, երբ պարոն Շիրխանյանին դատարան բերելը ոչ մի պրոբլեմ չէր, դատարանը 6 ամիս ձգեց, չկարողացավ լուծել այդ մի փոքր հարցը, այնինչ հիմա հեշտությամբ լուծում է այդ հարցը։ 6 ամիս առաջ այդ հարցը հեշտությամբ կարող էր լուծվել։
Դատարանը 6 ամիս ձգեց։ Հիմա դատարանը շատ լավ գիտի, որ, եթե պարոն Շիրխանյանն այստեղ չէ, ես այստեղ չեմ մնալու։ Շատ լավ իմանալով՝ դատարանն այս վիճակն է ստեղծում։ Արդեն 3 շաբաթ է անցել, դատարանի պատկերացմամբ՝ այդ 3 ժամը դեռ չի լրացել։ Դատարանը շատ լավ գիտի ու դատարանն այս ամենն անում է, որպեսզի ձգձգվի, բայց այդ ձգձգման պատճառը իբրև թե մեղադրյալներն են կամ փաստաբանները։
Դատարանը շատ լավ գիտի, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, դատարանն այդ ոտքի չկանգնելը մեկնաբանեց իբրև թե անհարգալից վերաբերմունք, ստեղծեց այս վիճակը, այնինչ այն փաստաթղթից՝ էպիկրիզից, որը գտնվում է դատարանի տրամադրության տակ, պարզ երևում է, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում կանգնել ոտքի վրա։ Ու Դուք սրա համար իրեն հանեցիք դատական նիստերի դահլիճից ու այդ օրը դատական նիստը ձախողեցիք»,- ասաց Հայկ Ալումյանը։
Դատավորն էլ հակադարձեց, որ կա փորձագետի եզրակացություն, որտեղ նշված չէ, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում կանգնել։ Հայկ Ալումյանը պահանջեց, որ Վահան Շիրխանյանը լինի նիստերի դահլիճում, դատավորը կրկին նշեց, որ 3 ժամը լրանալուց հետո նա կներկայացվի. Հայկ Ալումյանը կրկին պնդեց, որ 3 ժամը վաղուց է լրացել, և լքեց նիստերի դահլիճը։
Դատավորը 2 ժամով հետաձգեց դատական նիստը։