ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Սերգեյ Կյուրեղյանը գլխի վնասվածք է ստացել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 մեղադրյալների դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դատարանի խուց տեղափոխվելիս գլխի վնասվածք է ստացել:
«Խնդրում եմ այդ հարցի պարզաբանման համար դատական նիստերի դահլիճ հրավիրել Սերգեյ Կյուրեղյանին»,- ասաց դատավորը և հավելեց, որ դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն և ընթերցեց այն:
«Հուլիսի 13-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը մեքենայից իջեցնելիս և իր համար նախատեսված խուց տեղափոխելիսս գլուխը պատահաբար խփել է մուտքի ծածկի տակ ամրացված երկաթյա ամրակին և ճակատային մասում վնասվածք ստացել: Արձանագրությունը կազմել է ուղեկցող գումարտակի առաջին վաշտի հրամանատարը, ստորագրել է Սերգեյ Կյուրեղյանը»,- եզրափակեց դատավորը:
Դատավոր Գաբրիելյանը հարցրեց Սերգեյ Կյուրեղյանից, թե ինչ է պատահել, վերջինս հաստատեց կազմված արձանագրությունը:
Դատավորը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ համապատասխան հետաքննիչ է հրավիրվել, կատարվում է հետաքննություն: