«Ես հավատում եմ, որ մի օր կլինի». Վահան Մարտիրոսյանը՝ աբխազական ուղու բացման մասին
«Պետք է հավատանք, որ առաջ տանենք։ Ես հավատում եմ, որ մի օր կլինի։ Աշխատում ենք բոլորս՝ և՛ վրացական կողմը, և՛ ռուսական կողմը, որ դա արագ լինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով աբխազական երկաթուղին բացելու շուրջ ռուս-վրացական բանակցություններին։
Ըստ նրա՝ հայկական կողմը չի կարող ներգրավված լինել, քանի որ դա ռուս-վրացական հարաբերությունների և քննարկումների խնդիր է, որին մասնակցում է շվեյցարական ընկերությունը։
Թե ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու, նախարարի խոսքով, ստույգ պայմանավորվածությունից հետո պարզ կլինի, այժմ անգամ ժամկետների մասին ոչ մեկը պատկերացում չունի։
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը: Խորհրդակցություններին մասնակցում է շվեյցարական SGS ընկերությունը, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հետադարձ ճանապարհով Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով անցնող «առևտրային միջանքներով» ապրանքների և բեռների տեղաշարժը: Մոտ ժամանակներս ձևավորվելու է համաձայնագրի կյանքի կոչման հարցով եռակողմ՝ ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խումբ: