«ԵԱՀԿ-ն Ադրբեջանի համար начальник չէ, որին պետք է լսեն». Սուրեն Զոլյան

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին՝ ասաց, որ այս անգամ էլ ոչ մի արդյունք չկա և չէր էլ կարող լինել, որովհետև կողմերի դիրքորոշումները տարբեր են։

«Այսօր Ադրբեջանը ոչ թե պահանջում է օկուպացված տարածքները, այլ ամբողջ Ղարաբաղը։ Սա, բնականաբար, անընդունելի է անգամ միջազգային միջնորդների համար, որոնք ուզում են փոխզիջումային կամ այլ տարբերակներ առաջարկել։ Եթե վերցնենք Հայաստանի դիրքորոշումը, ապա այսօր պաշտոնական քաղաքագիտական միտքը կարգախոսներից այն կողմ չի անցնում։ Երկու կողմն էլ ուղղակի արտաքին ճնշումների համար գնում է՝ ցույց տալու, որ ինքը շատ դրական վերաբերմունք և մեծահոգի պահվածք է դրսևորում՝ գնում է բանակցելու, թեև որևէ իմաստ դրա մեջ չկա»,- նկատեց բանախոսը։

Նրա համոզմամբ՝ այս առումով կողմերը կարող են ամեն օր էլ հանդիպել, և արդյունքը նույնն է լինելու, որովհետև քննարկելու խնդիրներ չկան։ Ըստ պարոն Զոլյանի՝ շատ ավելի ազնիվ կլիներ, եթե կողմերը հրաժարվեին բանակցություններից՝ մինչև չհասունանային առաջարկները։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի գործողությունները շատ կանխատեսելի են և տրամաբանական. «Նախ՝ նրանք կարող են իրենց թույլ տալ փակել ԵԱՀԿ գրասենյակը, ուստի ԵԱՀԿ-ն նրանց համար начальник չէ, որին պետք է լսեն։ Նրանք ունենք իրենց օրակարգը և որդեգրել են հետևյալը. ռազմավարական առումով սպասել՝ երբ Հայաստանը՝ որպես գործոն և սուբյեկտ, քաղաքական գործընթացներին այլևս ի վիճակի չլինի հանդես գալ, իսկ մարտավարական առումով՝ պարբերաբար հասցնել հյուծող հարվածներ»։

Ս. Զոլյանի խոսքով՝ պատժիչ գործողություններն Ադրբեջանին այդքան էլ չեն անհանգստացնում, որովհետև մարդկային կյանքը երբեք մեծ արժեք չունի նրանց համար, հատկապես, երբ դա վերաբերում է փոքրամասնությունների և այլ վտանգված խավերի ներկայացուցիչների կյանքերին։

Խոսելով Ադրբեջանի՝ Ռուսաստանից զենք ներկրելու մասին, բանախոսն ասաց, որ դա բնական է, քանի որ Ադրբեջանը փորձում է ստեղծել այնպիսի սպառազինության ռեսուրս, որն ի վիճակի լինի խոցել արդեն թիրախներ հենց Հայատսանում. «Նա պատրաստվում է բավականին լուրջ հեռահար հարվածներ հասնել։ Սա շանտաժիստի գործելաոճն է»։

Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին՝ քաղաքագետն ասաց. «Փոխանակ լուրջ հարցերի լուծմանն անդրադառնային՝ խոսքս Արցախի վերաբնակեցման ծրագրի տապալմանն է վերաբերում, Արցախի իշխանությունները, միգուցե, Հայաստանի իշխանություններին նայելով, սկսեցին սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որպեսզի երկարաձգեն Բակո Սահակյանի պաշտոնավարությունը։ Սա ոչ թե քաղաքական, այլ սովորական տրիվիալ գործընթաց է՝ նախկինում ծրագրված պլանների իրականացում։ Եթե մեկը կասկածում է, որ Բակո Սահակյանը պիտի ընտրվի, ուրախ կլինեի ծանոթանալ այդպիսի թարմ ուղեղով մարդու հետ»։

Հանդիպման ընթացքում Ս. Զոլյանն անդրադարձավ նաև «Սասնա ծռերի» դատավարությանը՝ այն որակելով ոչ թե՝ դատավարություն, այլ՝ ուղղակի հաշվեհարդար։

«Դատավորների կազմը կարծես հատուկ ընտրված լինի, որ անընդհատ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծի։ Դատարանի շենքում խոշտանգումների ենթարկելը պատահականություն չէ։ Դա ցուցադրաբար է արվում՝ ցույց տալու, թե ո՞րն է այսօրվա իշխանությունների մոտեցումն արդարության հանդեպ»,- նշեց քաղաքագետը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս