Բաժիններ՝

Մակրոնի նախագահ ընտրվելը պայմանավորված էր նրա եվրոպամետ նախընտրական ելույթով. Ֆրանսիայի դեսպան

Էմանուել Մակրոնի Ֆրանսիայի նախագահ ընտրվելը մեծապես պայմանավորված էր խիստ եվրոպամետ նախընտրական ելույթով: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

« Իր ելույթում Մակրոնը միաժամանակ մատնանշում էր բոլոր այն բարդությունները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը: Տարակածությունների առկայության առումով Եվրոպայի ներսում ևս նկատվում էր մեկ ընդհանուր միտում՝ ղեկավար, բարձր մակարդակում գտնվող օղակների եւ հասարակ բնակչության միջեւ առկա անջրպետը, ինչը խնդիրներ էր առաջացնում թե ԵՄ-ի, թե Միության բնակչության համար։ Եվրոպան իր հերթին ստացավ իր բաժին ճգնաժամերը՝ հունական ֆինանսական խոր խնդիրներ, միգրանտների ներհոսք, ընտրությունների ժամանակ Ֆրանսիայի ներսում կարծիքների մեծ տարբերություն եւ այլն: Միաժամանակ, Մեծ Բրիտանիան սկսել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, ԵՄ-ի համար մեկ այլ կարեւոր խաղացողի՝ ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային ելույթներից հասկանալի է դառնում, որ նա այն աստիճան հետաքրքված չէ Եվրոպայով, որքան նրան նախորդած վարչակարգը։ Սրանք իրողություններ են, որոնք, բնականաբար, չէին կարող անտեսվել»,- ընդգծեց դեսպանը:

Ըստ դեսպանի` անվտանգության առումով թեև «Իսլամական պետությունը» լուրջ հարվածներ է ստանում եւ պարտություն կրում, այդուհանդերձ, ահաբեկչության սպառնալիքը դեռ մնալու է։

«Դրանով են բացատրվում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Այս ամենը չի կարող անտեսվել Եվրոպայի անվտանգության ապագա համակարգը ձեւավորելու հարցում, սակայն եվրոպական տարբեր երկրներ իրենց անվտանգությունն ապահովելու տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքով` Ֆրանսիան կողմնակից է, որպեսզի Եվրոպան կարողանա իր սեփական ուժերով համախմբել եւ պաշտպանել իր իսկ շահերն ու անվտանգությունը, այդ թվում՝ զարգացնելով դրա համար անհրաժեշտ ռազմական բաղադրյալը եւ հետախուզական գործունեությունը։

«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լինի ապահով ու անվտանգ Եվրոպա, որը, միաժամանակ, բաց կլինի այն երկրների համար, որոնք երկխոսության մակարդակով ցանկություն են հայտնելու համագործակցել կամ հանդես գալ որպես համախոհ երկրներ։ Տարակարծությունների առկայությունը ԵՄ-ում ևս նորմալ է, որովհետեւ Եվրոպան երկխոսության հարթակ է»,- շեշտեց դեսպանը:

Դեսպանը կարծում է, որ հենց վերոհիշյալ բոլոր խնդիրների առկայության պատճառով էր, որ Մակրոնի ելույթը սպասված էր ֆրանսիացիների և եվրոպացիների համար:

«Ահա թե ինչու ֆրանսիացին նրան վստահության քվե տվեց: Հուսով եմ, որ նոր ղեկավարությունը լուծելու է այդ առկա խնդիրները: Եվրոպացիներինհուսախաբ չանելու համար պետք է Գերմանիայի հետ այդ ակնկալիքներն արդարացնենք: Կարծում եմ, հիմնական գերակայություններից մեկը հենց դա է՝ կերտել այնպիսի Եվրոպա, որն ավելի մոտ կլինի ազգաբնակչությանը: Հույս ունեմ, որ այդ ծրագիրը, համաձայն որի ղեկավարների ու սովորական եվրոպացու միջեւ անջրպետը իրեն շատ զգացնել չի տա, իրականանալու է: Ամեն դեպքում, պետք է կարողանանք արդարացնել այդ նպատակը», – եզրափակեց դեսպանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս