«Բանակցային գործընթացը չի կարող բացառել կրակոցները շփման գծում». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքը հանդիպման փաստն էր. «Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացը շարունակվում է, որ ադրբեջանցիները չհետաձգեցին հանդիպումը՝ չնայած նրան, որ հանդիպումից առաջ լարվածություն եղավ։ Բացի դրանից, որևէ արդյունք չեղավ և չէր էլ կարող լինել այս հանդիպումից»։
Քաղաքագետը տարօրինակ է համարում այն, որ շատերն Ադրբեջանից սպասում են վստահության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ համաձայնություն.
«Ադրբեջանցիները դեմ են դրան։ Դա պահանջում է լուրջ աշխատանք և ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց այդ դեպքում էլ արդյունքները կանխատեսելի չեն, որովհետև նման աշխատանքներ տարվում են, բայց արդյունք չկա։ Այս հանդիպման իմաստն այն էր, որ բանակցային գործընթացը շարունակվի։ Բանակցային գործընթացը համարվում է անվտանգության ձևաչափերից մեկը. ձևաչափ, որը ոչ միշտ է լավ աշխատում»։
Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմի հնարավորությանը, Իսկանդարյանն ընդգծեց. «Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի»։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ կրակոցները շփման գծում չեն դադարի։
«Բանակցային գործընթացը չի կարող բացառել կրակոցները շփման գծում։ ՄԽ գործընթացը չի կարող կանխել այդ կրակոցները, նա դրա հնարավորությունները չունի։ Այս բանակցությունները կշարունակվեն, դրանք կոնֆլիկտի կարգավորման բանակցություններ չեն, այլ նրանց նպատակն է՝ պահպանել բանակցային ձևաչափը։ Կշարունակվեն նաև Ադրբեջանի վրա բանեցվող ճնշումները՝ կրակոցները եթե ոչ՝ դադարեցնելու, այլ գոնե՝ նվազեցնելու համար։ Բայց այդ հնարավորություններն էլ մեծ չեն, որովհետև քաղաքական գործիքների պակաս կա։ Սակայն, պետք է նկատել, որ այս տարի լարվածությունն ավելի փոքր է, քան նախորդ տարի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացի այս տարբերակը նրա համար է, որ դրան մասնակցեն նաև գերտերությունները, այլ ոչ միայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հակամարտությունը չի լուծելու. «Խնդիրն ունակ են լուծել միայն Հայաստանն ու Ադրբեջանը»։