Տրանսպորտի սակագինը մինչև սեպտեմբեր չի բարձրանա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստո­սին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդ­ները կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն, գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատ­վության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, մեր զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել:

Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիա­կան «Դաբլյու Վայ Ձի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը, պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին: Քաղաքապետարանից հստակ չեն պատասխանում՝ միջազ­գային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել: Խոր­հուրդ են տալիս սպասել առաջիկա օրերին հրավիրվելիք ասուլիսին, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:

Չի նշվում նաև, թե ուղևորափոխադրում կազմակերպելու առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ինչ սակագին է հաշվարկվել: Գևորգյանն ասաց, որ ինքը տեղեկու­թյուն չունի ոչ այդ տարբերակների, ոչ էլ դրանց դեպքում առա­ջարկվող սակագների մասին: Այդուհանդերձ, նկատեց, որ խորհրդատուի առաջարկած տարբերակները դեռևս ոչինչ չեն նշանակում, քանի դեռ չեն ներկայացվել հասարակական տրանսպորտի բարեփոխումնե­րի աշխատանքային խմբի քննարկմանը: Նաև ընդգծեց, որ քաղաքապետարանը խորհրդատուի առջև խնդիր է դրել չծանրաց­նել քաղաքացու սոցիալական բեռը:

Գևորգյանի խոսքով՝ բոլոր տարբերակներից ի վերջո կընտր­վի այն մեկը, որն արժանացել է հանրության հավանությանը: Այ­սինքն՝ երևանցին ինքը պետք է որոշի՝ նախընտրում է, ասենք, միասնական տոմսի տարբերակը, ուղեվարձի սակագնի սահմանումը՝ ըստ կիլոմետրի և այլն: Իսկ թե ինչ մեխանիզմով են քաղաքացիներն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դարձյալ առայժմ չի նշվում՝ հղում անելով սպասվող ասուլիսին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31