Տարոն Մարգարյանը կպահանջի՞ ապամոնտաժել «Մարկո Պոլոն». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին մեծ շուքով Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի և սպասարկման մի քանի կետ ապամոնտաժեց:

Պատճառն այն էր, որ առևտրային կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալել էին չնախատեսված տեղում՝ մայթի բանուկ հատվածում և մայթի 50 տոկոսից ավելի հատվածում տեղակայել էին սեղաններ եւ աթոռներ՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս գործողությանը նախորդել էր Երևանի քաղաքապետի հուլիսի 10-ի աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները»,- հայտարարել էր Տարոն Մարգարյանը:

Armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին ապամոնտաժում մայթերի կեսից ավելին զավթած սննդի օբյեկտների հիշյալ հատվածները: Զարմանալի է, որ Երևան քաղաքում միայն Թումանյան փողոցի՝ Հյուսիսային պողոտայից մինչև Աբովյան փողոցը տեղակայված սննդի օբյեկտներին վերաբերվեց Տարոն Մարգարյանի վրդովմունքը:

Armtimes.com-ը հատուկ քաղաքապետարանի համար տեսանկարահանել է Երևան քաղաքի մեկ այլ փողոց, որտեղ նույն պատկերն է. սրճարանները հասել են գրեթե փողոցի երթեւեկելի մասը: Խոսքը Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման մասին է վերաբերվում, որտեղ տեղակայված են «Սքուեր ուան», «Մարկո պոլո» և «Վասաբի» օբյեկտները: Խնդիրը բացարձակապես կապված չէ նշված սրճարանների հետ, հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Թումանյան փողոցի սրճարանները դուրս են եկել իրենց սահմանագոտուց և սեղան-աթոռներ տեղադրել մայթի վրա, իսկ ահա նշված սրճարանները օրենք չեն խախտել:

Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցից բարձրացող և իջնող յուրաքանչյուր ոք, երեկոյան ժամերին հատկապես, չի կարող նշված ճանապարհահատվածը չանցնել առանց հերթի և շարքի, քանի որ պարզապես հնարավոր չէ ազատ տեղաշարժը: Եթե քաղաքապետարանն ընտրողաբար չի մոտեցել ապամոնտաժման այս նախաձեռնությանը, ապա հաջորդ ապամոնտաժվող սրճարանները պետք է հենց «Մարկո Պոլո»-ն, «Սուքուեր ուան»-ը և «Վասաբի»-ին լինեն, հակառակ դեպքում համոզիչ չի, որ մայրաքաղաքի միայն Թումանյան փողոցի սրճարաններին էին օրինազանցները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս