«Արցախբիո» ընկերությունում համագործակցությունը ընդլայնվում է

Արցախում «Տրիումֆ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին, որը հանդես է գալիս «Արցախբիո» ապրանքանիշի անվան տակ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախբիո» ընկերության արտադրամասի պետ Կարեն Ներսիսյանը նշեց, որ ներկայումս իրենք ունեն 47 տեսակի արտադրանք:

Հիմնականում տեսականու ընտրությունը կախված է պատվիրատուներից: Արտադրում են հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր, դոշաբ, նռան օշարակ և բանջարեղենային պահածոներ:

Մեր ապրանքի հիմնական սպառողը Ռուսաստանի Դաշնությունն է: Արտադրանքը առաքվում է նաև Հայաստանի Հանրապետություն, եվրոպական երկրներ, բայց ամենից շատ իրացվում է Արցախում:

Ընկերության արտադրամասի պետի հավաստմամբ՝ արտահանման հետ կապված խոչընդոտներ չեն լինում: Ընկերությունն ունի համագործակցություն պաշտպանության բանակի հետ:

Կ. Ներսիսյանի խոսքով, պաշտպանության նախարարությունն ունի իր ստանդարտները, որով և առաջնորդվում են: Դա կախված է ինչպես քանակի, այնպես էլ տարաների քաշի հետ: Կախված հումքի մթերման ծավալներից՝ արտադրամասի պետը նաև նշել է, որ որոշ մթերքներ բերվում է ՀՀ մարզերից:

«Հումքը մատակարարում են և՛ տեղացիներ, և՛ ՀՀ մարզերից: Կան մի շարք մթերքներ, որոնք մեծ ծավալով դժվար է ձեռք բերել տեղական շուկայից, օրինակ՝ ծիրանը, դեղձը, սպիտակ կեռասը և այլն»,- նշեց «Արցախբիո» ընկերության պատասխանատուն և ավելացրեց, որ ընկերությունը հիմնականում ունի աշխատուժի խնդիր: Այս պահին ընկերությունում կա մոտ 60 աշխատող: Ի դեպ, այստեղ աշխատում են նաև ուսանողներ, ովքեր գալիս են հիմնականում ամառային արձակուրդի շրջանում:

Նրանցից է նաև 18-ամյա Ալիսա Ամիրխանյանը, ով իր խոսքում ասել է, որ ընկերությունում ինքն աշխատում է այս տարվա հունիս ամսից: Նա սովորում է Արցախի պետական համալսարանում և ամառային արձակուրդներին որոշել է աշխատել: «Ընկերությունում կատարում ենք տարբեր աշխատանքներ՝ միրգ ենք մաքրում, մուրաբա լցնում: Աշխատանքը դժվար չէ. երբեմն միայն աշխատանքային օրվա ավարտից հետո մնում և հավելյալ աշխատում ենք: Այստեղ աշխատելու համար նպաստավոր պայմաներ կա»,- մեզ հետ զրույցում ասաց Ալիսան:

Արտադրության ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող տեխնոլոգ Հովիկ Ալեքսանյանը կարծում է, որ այդքան էլ դժվար չէ կազմակերպել մեծ ծավալի արտադրություն: «Ներկա դրությամբ արտադրանքի հետ կապված բողոքներ չկան. եթե լինում են նոր առաջարկներ. կազմակերպելու նոր տեսականու արտադրություն, առաջարկն ընդունվում է: Հիմնական վաճառվող արտադրատեսակներից են կոմպոտները և մուրաբաները: Աշխատանքը կատարվում է ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներով: Այն հնարավորություն է տալիս ավելի արագ և հեշտ կազմակերպել արտադրությունը»,- եզրափակեց Հովիկ Ալեքսանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս