«Հայաստանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են». Էդուարդ Շարմազանով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ գործնականում բացառում է լայնամասշտաբ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում:

«Սա կապում եմ նաև Պուտին-Թրամփ հանդիպման հետ, որտեղ ընդգծվեց, որ աշխարհում թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի ճգնաժամն է։ Մենք տեսանք, որ գոնե Սիրիայի հարավում երկու գերհզոր տերության նախագահները եկան ընդհանուր հայտարարի»,- նշեց նա։

Հետևաբար՝ Շարմազանովը կարծում է, որ գերտերություններն Ադրբեջանին թույլ չեն տա նոր, մեծ թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանին մոտ, որովհետև դա հղի է լուրջ հետևանքներով։

Լրագրողի դիտարկմանը, թե նախորդ տարի ապրիլյան պատերազմ եղավ, նա այսպես արձագանքեց. «Դա պատերազմ չէր, դա զինված բախում էր, որի անունը մենք պատերազմ դրեցինք։ Իհարկե, զոհեր տվեցինք, բայց դա լայնամասշտաբ պատերազմ չէր։ Սակայն նման դիվերսիոն հարձակումներ Ադրբեջանի կողմից միշտ էլ սպասելի են։ Քանի դեռ Ադրբեջանը բանակցային գործընթացում ամբողջական չի վերադարձել ու մտել կառուցողական փուլ, Արդբեջանի ղեկավարության կողմից որևէ տրամաբանված գործողություն չեմ սպասում։ Չեմ բացառում, որ կշարունակվեն նման գործողությունները, բայց պիտի հաշվարկեն, որ իրենց կորուստներն ավելի շատ են լինելու, և իրենք իրենց նպատակին չեն հասնելու, ինչպես ապրիլին չհասան։ Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ բնակավայր Ադրբեջանը չկարողացավ վերցնել»։

Կարդացեք նաև

Շարմազանովն ասաց, որ ապրիլից հետո պետք է պատրաստ լինենք թեկուզ  ամենաանհավանական զարգացմանը. «Ոչ միայն զենքով, այլ առաջինը՝ հոգեբանորեն։ Սա մեր անկախության գինն է։ Արցախի հարցը լուծվի էլ, Թուրքիայի պանթյուրիստական նպատակները չեն մարելու։ Թուրքերն ու ադրբեջանցիները չեն մարսում մեր տարածաշրջանում հայկական մի պետության գոյությունը, ուր մնաց՝ երկրորդը մարսեն։ Բայց ասեմ, որ երկուսն էլ լինելու են։ Ալիևի հայտարարությունները նայեք՝ Արցախը գրավելու եմ, Երևանը գրավելու եմ, Գորիսը գրավելու եմ… մենք ծիծաղում ենք, բայց մի ամբողջ սերունդ այդ գաղափարախոսությամբ է մեծացել։

Ավելին, երբ գնում ենք տարբեր վեհաժողովների մասնակցելու, տեսնում ենք, որ ավագ սերնդի ադրբեջանցիների հետ ավելի հեշտ է լեզու գտնել, քան նոր սերնդի։ Նրանք գիտեն, թե Մակեդոնացին եղել է ադրբեջանական գործիչ, իսկ Լեոնարդո դա Վինչին ունեցել է ադրբեջանական արմատներ։ Ես այն կարծիքին չեմ, որ, եթե ղարաբաղյան հարցը լուծեցինք, հետագայում իրենց հետ խնդիր չենք ունենալու: Հայաստանի այսօրվա անվտանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են. նրանք վարում են մեկ միասնական քաղաքականություն»։

Տեսանյութեր

Լրահոս