![](/banners/BeFunky-design.jpg)
Զիբիլիկսի գործ. ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է. «ՀԺ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Vladimir_Gasparyan-2.jpg)
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է:
Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ ՀՔԾ-ում նույն դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ:
Նշենք, որ խոսքը հայտնի «Զիբիլիկսի» գործի մասին է: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էր ուղարկել հայտնի «Զիբիլիկսի» գործով նյութերը: Խոսքը ՀՀԿ ցուցակով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբից դուրս բերված եւ աղբամանը նետված, ապա և «Ելք» դաշինքի ներկայացուցիչների կողմից հայտնաբերված սկանդալային թղթերի մասին է: Փաշինյանի խոսքով՝ ցուցակներից մեկում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են եւ գրված է, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի օգտին:
Հենց այս՝ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մեր տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում դեռ մեղադրյալներ չկան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։