«Սա պարզապես ահաբեկչություն է». Դավիթ Բաբայան

Այսօր՝ հուլիսի 11-ին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 10-ի ժամը 17:40-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանի հերթական ագրեսիան արդյո՞ք արտգործնախարարների հանդիպման փաստով էր պայմանավորված։

«Այդպիսի հանդիպումների նախօրեին, դրանց ժամանակ կամ դրանցից հետո այսպիսի մի անհասկանալի օրինաչափություն է ձևավորվել, որ հենց այդ ժամանակ նրանք խախտում են զինադադարի ռեժիմը։ Որևէ հատուկ պատճառ չկա, պատճառն այն է, որ Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական պետություն է։ Ավելի տրամաբանական կլիներ այդ օրերին Ադրբեջանն ընդհանրապես չխախտեր զինադադարի ռեժիմը, ցույց տար, որ կառուցողական դիրքորոշում ունի, բայց ահաբեկիչները չունեն առողջ տրամաբանություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ադրբեջանն այս քայլերով որևէ ռազմավարական նպատակի չի հասնում, որևէ կարևորագույն առաջադրանք չի իրականացնում. «Սա անտրամաբանական է, պարզապես ահաբեկչություն»։

Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպմանը, Բաբայանն ասաց, որ իրենք կարևորում են ցանկացած նման հանդիպում, քանի որ դա, ըստ նրա՝ նպաստում է կայունության և խաղաղության պահպանմանը․«Մանավանդ այսպիսի իրավիճակում, որովհետև այդ հանդիպումների ժամանակ ոչ միայն կողմերի արտգործնախարարներն են ինչ-որ կարծիքներ հայտնում, այլև, բնական է՝ ներկայացվում է միջազգային հանրության դիրքորոշումն այդ ամենի նկատմամբ»։

Հարցին՝ այս պահին շփման գծում իրավիճակն ինչպիսի՞ն է, նա այսպես պատասխանեց. «Ամենօրյա իրավիճակ է, ամեն ինչ վերահսկելի է։ Երեկ անդառնալի կորուստ ունեցանք, բոլորս սգի մեջ ենք, բայց ընդհանուր իրավիճակը վերահսկելի է»։

Տեսանյութեր

Լրահոս