«Միջնորդները պարտավորություն ունեն սեփական քաղաքական դեմքը փրկելու». Արմեն Աշոտյան

«Բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ այսօր այնուհանդերձ միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալվում է ոչ թե գործուն ջանքեր, այլ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Առանց միջավայրի, բանակցային և տարածաշրջանային մթոնլորտի վերականգնման հնարավոր չէ խոսել խնդրի կարգավորման առարկայական դետալների մասին: Պատկերավոր ասած` այսօր բանակցություններ են բանակցությունների վերականգնման մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով վաղը Վիեննայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ըստ նրա` պայմանների, անվտանգության ռեժիմի պահպանման, ԵԱՀԿ ՄԽ կողմից հավանության արժանացած մանդատի ընդլայնման, վերահսկողական մեխանիզմների, մոնիտորինգի և սահմանային միջադեպերը կանխող կամ լարվածության դեպքում մեղավոր կողմին դե յուրե բացահայտող մեխանիզմների գոյությունը պարտադիր պայման է բանակցությունների բուն էությանը վերադառնալու համար:

Ա.Աշոտյանի կարծիքով` ցանկացած դիվանագիտական ակտիվություն գերադասելի է բանակցային գործընթացի դադարումից կամ խզումից, որովհետև ադրբեջանական կողմի նպատակներից մեկն է դադարեցնել դիվանագիտական բանակցային գործընթացը` լեգիտիմացնելու զանգվածային կերպով ռազմական գրոծողություններ վերսկսելու սեփական ցանկությունը.

«Մենք հետևողականորեն օրակարգի մեջ ենք պահում և պահելու ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանների կատարման գործընթացը: Արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն է տալիս վերադառնալու գործընթացի կառուցողական հունին:

Իհարկե, միայն ՀՀ կարծիքն այստեղ քիչ է, որովհետև միջնորդ կազակերպություններն ունեն պարտավորոթյուն սեփական քաղաքական դեմքը փրկելու, որովհետև անհնար է դիմանալ, չտեսնելու տալ Ալիևի ռեժիմի կողմից տարվող այս արկածախնդրությունը, որը ոչ միայն միտված է Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ, այլ նաև հարվածում է միջազգային հեղինակավոր կառույցի վստահելիությանն ու արժանահավատ չի դարձնում այդ կառույցի միջազգային կշիռը, ինչը և՛ ՀՀ համար է կարևոր հարց, և՛ ՄԽ համանախագահների: Որքա՞ն կարելի է հանդուրժել, մեղմ ասած, անպատասխանտու և արկածախնդիր պահվածքը այն դեպքում, երբ այն ուղեկցվում է մարդկային զոհերով»:

Ա.Աշոտյանը նշեց, որ հայկական կողմը պարբերաբար ուշադրության կենտրոնում պետք է պահի, մասնավորապես` խորհրդարանական դիվանագիտության խողովակներում, պետք է նպատակ դարձնի Ադրբեջանի հանդեպ, եթե ոչ համաշխարհային, ապա խոշոր միջազգային կամ եվրոպական կառույցների կողմից պատժամիջոցների փաթեթի մշակման հնարավորությունը:

Այդ գործիքակազմը, նրա խոսքով, իրավական առումով միջազգային ինստիտուտներն ունեն և ներառում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական սանկցիաներ.

«Հաշվի առմելով, օրինակ, Ադրբեջանի տնտեսության անփառունակ վիճակը, կարծում եմ, անգամ ֆինանսատնտեսական սանկցիաները կարող են օգտակար լինել: Մի բան պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ունի լոբբիստական հնարավորություններ և, խնդիրը միայն խավիարային դիվանագտության մեջ չէ, խնդիրն այն է, որ ադրբեջանական հողի մեջ թաղված են հազարավոր միլիոններ եվրոպական և միջազգային նավթագազային ընկրությունների:

Այդ գումարները դեռևս չեն վերադարձվել, հետևաբար` մի կողմից այս նավթահանողների և գազմակտակարարողների կողմից կա խնդիր տարածաշրջանային կայունության, որովհետև հայկական կողմը քանիցս հայտարարել է լայնամասշտաբ պատերազմի դեպքում չի բացառում նաև Ադրբեջանի լոգիստիկ և կոմունիկացիոն ենթակառուցվածքների թիրախավորումը, մյուս կողմից ադրբեջանական կողմը կառչում է «բրիթիշպետրոլիումներից», պահանջելով որոշակի լոբբիստական ջանքեր: Եվ դիվանագիտական խաղի դաշտը բավականաչափ նեղ է և այդ դաշտում պետք է տեղավորել ՀՀ ջանքերը, որոնք այս դեպքում ամբողջությամբ համահունչ են ՄԽ համանախագահների ջանքերի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս