Այսօր Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնն է
Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում:
Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Տոնի մասին
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Սբ. Աստվածամորը նվիրված այս տոնը սահմանվել է հետևյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սբ. Կույսը իր զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը և Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել, նրանք նկատում են, որ տեղաբնակ հիվանդների ու կույրերի հոծ բազմություն է հավաքվել մի տնակի առջև: Հետաքրքրությունից մղված՝ նրանք մոտենում են ամբոխին և տեղեկանում, որ այնտեղ, մի տուփի մեջ է պահպանվում Աստվածամոր զգեստը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն և որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Երուսաղեմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատվիրում և, վերադառնալով Նազարեթ, ծածուկ կերպով փոխանակում են հրեա կնոջ տան նախօրինակի հետ: Այսպես, լքելով սրբազան վայրերը՝ նրանք ժամանում են Կ. Պոլիս՝ իրենց հետ բերելով այդ սրբությունը:
Շուտով ազնվականների տանը սկսվում են հրաշքներ կատարվել, որոնց նախապատճառի մասին նրանք հայտնում են թագավորին: Բյուզանդացի Լևոն Մեծ կայսրի (457-474թթ.) հրահանգով քաղաքի եպիսկոպոսը հիշյալ սրբությունը հանդիսավորապես զետեղում է Սբ. Աստվածամոր անունը կրող եկեղեցում: Այդ հիշարժան դեպքի պատրվակով սահմանվում է «Գյուտ տփոյ Սբ. Աստվածածնի» տոնը, որը Հայ եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից: 1774թ-ին այս տոնը իր կազմած տոնացույցում է ընդգրկել Սիմեոն Երևանցի կաթողիկոսը:
surbzoravor.am