Բաժիններ՝

Անկարան չի ուզում ճանաչել անդամակցությունը դադարեցնելու Եվրախորհրդարանի բանաձևը

Պաշտոնական Անկարան հայտարարել է այն մասին, որ չի ճանաչում Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն:

«Բացահայտ է, որ բանաձևը, որը կողմնապահ է, հեռու օբյեկտիվությունից ու ծառայում է հայտնի շրջանակներին, դրական ազդեցություն չի ունենա մեր հարաբերությունների վրա»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

Նա մեղադրել է ԵԽ-ին անհիմն պնդումների և զրպարտանքների վրա հիմնված որոշում ընդունելու մեջ՝ հայտարարելով, որ Թուրքիան այդ բանաձևը չի ընդունում:

Եվրախորհրդարանը հուլիս 6-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձև Թուրքիայի վերաբերյալ, որը Եվրամիության երկրներին և Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնելու Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին երկրի միանալու շուրջը, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չմտցնեն սահմանադրական բարեփոխման մեջ: Բանաձևի օգտին, որը հանձնարարական բնույթ Է կրում, քվեարկել Է 477 պատգամավոր, դեմ՝ 64-ը:

«Եվրախորհրդարանը հանձնաժողովին և անդամ պետություններին կոչ է անում բանակցությունների շրջանակներին համապատասխան առանց հապաղելու դադարեցնելու Թուրքիայի անդամակցության շուրջը բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխման փաթեթն իրագործվի առանց փոփոխությունների, ընդգծում է, որ, նկատի առնելով Վենետիկի սահմանադրական բարեփոխման հանձնաժողովի դիտողությունները, որ Սահմանադրության՝ առաջադրված ուղղումները չեն համապատասխանում իշխանությունների բաժանման հիմնարար սկզբունքներին, չեն ապահովում բավականաչափ կասեցումներ և հակակշիռներ, ինչպես նաև չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին»,- ասված է բանաձևում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս