Ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը, և ինչո՞ւ նշանակվեց Կարեն Կարապետյանը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
«2016թ. հիշարժան էր նաև նրանով, որ տեղի ունեցավ ՀՀ կառավարության փոփոխություն. Այս իմաստով՝ կարևոր եմ համարում քննարկել, թե ինչու հեռացավ Հովիկ Աբրահամյանը»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տնտեսական ցուցանիշները վատն էին, բայց, ըստ նրա՝ շատ ավելի վատ տնտեսական պայմաններում վարչապետներին որևէ բան չի սպառնացել, նրանք շարունակել են պաշտոնավարել։
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչը չներվեց Հովիկ Աբրահամյանին։ Եթե կառավարման արդյունավետության տեսանկյունից նայենք, ապա նույն 2017թ. ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, որ, ըստ էության, տեղի ունեցավ մի բան, որ իրենք ուզում էին ասել, թե կանխվել է։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այդ նույն իրադարձությունները ներվեցին, բայց Հովիկ Աբրահամյանին ոչինչ չներվեց։ Կարծում եմ, որ ամենակարևոր պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը թևակոխում էր իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, և Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ հնաբնակներից լինելով՝ 2017-18թթ. կարող էր իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել՝ խառնելով Սերժ Սարգսյանի՝ մեզ և ձեզ հայտնի պլանները»,- ասաց նա։
Փաշինյանի կարծիքով՝ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, որովհետև գործոններից մեկն այն էր, որ նա ՀՀԿ-ում հնաբնակ չէ և մեծ պոտենցիալ չունի՝ իշխանության ներսում իր շուրջ կոնսոլիդացիա ապահովելու. «Սերժ Սարգսյանի հաշվարկներից մեկը հենց սա էր։ Բայց այս ամբիոնից արված Կարապետյանի այն հայտարարությունը, թե ինքը չի մտնում այն շրջանակների մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին «համոզում» են 2018թ. ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, և ինքը պատրաստ է 2018թ. լինել վարչապետ, դա բավականին հետաքրքիր է և ներքաղաքական իրավիճակը փոխելու որոշակի պոտենցիալ իր մեջ պարունակում է»։