
Մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին

89 տարեկան հասակում վախճանվել է կոնկրետ երաժշտության ուղղության ռահվիրաներից եւ վառ ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse -ը: «Նա մահացավ այս գիշեր: Դեկտեմբերի 9-ին նա պատրաստվում էր տոնելու իր 90-ամյակը»,- գործակալությանը հայտարարել են նրա ասիստենտը եւ մերձավոր հարազատները:
Պիեր Անրին ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում: 1949 թվականից մի այլ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Շեֆերի հետ զբաղվել է կոնկրետ երաժշտությամբ Ֆրանսիայի ռադիոյի եւ հեռուստատեսության փորձարարական ստուդիայում: Նրանց համատեղ գործունեության առաջին արգասիքը «Սիմֆոնիան է մեկ մարդու համար»:
1960 թվականին հիմնել է էլեկտրոնային երաժշտության՝ երկրում առաջին ստուդիան, 1982 թվականին՝ եւս մեկը: Կոնկրետ երաժշտությունը XX դարի ավանգարդային երաժշտության ուղղություն է, որը բնորոշվում է հիմնականում բնական ծագման աղմուկների եւ հնչյունների ձայնագրությամբ, որը հետագայում ենթարկվում Է միախառնման եւ տարբեր կարգի խմբագրման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: