«Թուղթ ու գիրը չազդեց». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ, երբ գործող կառավարության գործող վարչապետը ստանձնում էր այդ պաշտոնը, ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ տնտեսության վիճակը վատ է, շատ վատ, որի հետ, ըստ նրա՝ դժվար էր չհամաձայնել.

«Ուստի այսօր՝ շատ ամիսներ անց, մենք ակնկալում էինք, որ այս ամբիոնից հիմնական զեկուցողը պետք է ներկայացներ, թե ինչ կոնկրետ իրատեսական քայլեր և արդյունքներ են արձանագրվել։ Պետք է ներկայացվեր, օրինակ՝ ինչ է արվել մեր մոնոպոլացված տնտեսությունն ապամոնոպոլացնելու համար, պետք է ասվեր՝ ինչ է արվել ստվերային տնտեսության խայտառակ տոկոսը կրճատելու համար։ Պետք է ասվեր՝ ինչ է արվել գործարարության, բիզնես միջավայրին նպաստող խաղի կանոններ ձևավորելու համար։ Պետք է ասվեր՝ ինչ է արվել աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար։ Եվ պատահական չէ, որ այստեղ «զրո» բառ հնչեց ներդրումների մասին, որովհետև «ներդրումներ» բառից կառավարության ներկայացուցիչներն արդեն ուղղակի խուսափում են, որովհետև չկա ասելիք։ Ասում են՝ կներկայացնենք թվեր, կոնկրետ փաստեր, թե ինչ ներդրումներ են արվել այս ընթացքում, բայց որևէ փաստ դեռ չի ներկայացվել»։

Զոհրաբյանի խոսքով՝ «Կիկոսի մահի» նման մի պատմություն ներկայացվեց արտաքին գործոնների մասին. «Իհարկե, մենք հասկանում ենք, որ տնտեսական ռիսկերը, տնտեսական շոկերն էական ազդեցություն են ունենում, բայց, ի վերջո, մեր տնտեսությունն ունի՞ անվտանգության իր գոտիները, թե՞ ոչ։ Հիշո՞ւմ եք՝ մենք մի վարչապետ ունեինք, որ տնտեսական պիկի ժամանակ շամանիզմով էր զբաղվում, ասում էր՝ մի խոսեք տնտեսական ճգնաժամից, որ ճգնաժամը չլսի Հայաստանի մասին ու շրջանցի այն։ Չխոսեցինք, բայց, չգիտես ինչու՝ այդ թուղթ ու գիրը չազդեց. տնտեսական ճգնաժամն ուղղակի եկավ-հարվածեց երկրին»։

Նա նկատեց՝ կարելի է թվեր ներկայացնել, մեզ մխիթարել, ասել, որ մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ում դեռևս ընդամենը 56.7% է. «Բայց շատ քիչ է մնացել, որ մենք հասնենք 60%-ի ռիսկային սահմանագծին։ Հիմա կարող եք հազար ու մի միջազգային չափումների թվեր բերել, ասել, որ այսինչի համեմատ՝ ռիսկային չէ, բայց լինենք անկեղծ, պարոն Արամյան, մենք հո բոլորս էլ շատ լավ հասկանո՞ւմ ենք, որ ռիսկային է։ Տնտեսության վիճակը, այո՛, շատ վատ է, բայց դա ասելով՝ որևէ իրատեսական քայլ չի ձեռնարկվել, բացի հայտարարություններից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս