«Ադրբեջանը շահարկում է այդ հարցը». Էդվարդ Նալբանդյան
Հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծությանն ի պատասխան հայկական կողմի նախաձեռնած քայլերի հետևանքով 2-ամյա երեխայի սպանությունը Բաքուն շահարկում է: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել է կարծիք, որ Ադրբեջանը շահարկում է այդ հարցը:
«Դիվանագիտությունը հեռուստատեսության, մամուլի միջոցով չի վարվում: Այն մասով, որ կարող ենք իրազեկել, այդ մասին իրազեկում ենք: Բոլոր հարցերի պատասխանը մենք կտանք»,- ասաց նախարարը:
Հարցին` արդյոք այս պայմաններում կկայանա՞ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, Է. Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ԱԳ նախարարների, թե՛ ամենաբարձր մակարդակով»: Նա հիշեցրեց, որ հանդիպումը նախատեսվում է հուլիսին:
«Բանակցություններն այլընտրանք չունեն, ժողովո՛ւրդ, ես հարյուր անգամ եմ ասել»,- հավելեց արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):