Կարեն Կարապետյանն անապահովության գնահատման վերաբերյալ հանձնարարականներ տվեց
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարականներ տվեց ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վերաբերյալ:
«Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ:
Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացքում ուսունասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները:
Հաշվի առնելով նշյալը՝ հանձնարարում եմ առաջինը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկում ենք ՀՀ կենտրոնական բանկի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Երկրորդը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և առաջարկում ենք Երևանի քաղաքապետին երկու ամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարեցերի նախարարարությանը՝ անապահովության գնահատման գործընթացում կիրառելու նպատակով»,- ասաց Կարեն Կարապետյանը: