«Ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն». Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Դրանում մասնավորապես ասված է։
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է՝ կառուցել ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն: Այդ նպատակը հստակ արտահայտված է մեր երկրի Հիմնական օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը անցած տարիների ընթացքում մեր պետության և ողջ ժողովրդի համար եղել է ամուր իրավական հենարան նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:
Բնականաբար, այդ ընթացքում մեր հասարակական և քաղաքական կյանքում տեղի էին ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հասունացրել էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը և այսօր մեր երկրում իրականություն է դարձել:
Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում: Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ և մաղթում, որ մենք անվերապահորեն հավատարիմ լինենք մեր Սահմանադրության տառին և ոգուն»: