«Սևանից 100 խմ հավելյալ ջրբացթողումից ստացվելու է 97 մլն կվտ/ժամ հավելյալ էլեկտրաէներգիա». Արարատ Զուրաբյան
Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնելու դեպքում այդ ծավալը 200 մլրդ շիշ ջուր է և, եթե 1 շիշը հաշվարկենք 1 ցենտով, խոսքը գնում է 2 մլրդ դլար շահույթի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Ըստ նրա` Հայաստանի գետերով հասում է 7 մլն խմ ջուր, որից կարողանում ենք ամբարել ընդամենը 1 մլրդը. «Եթե մի քիչ ջանք գործադրեինք ամբարելու համար, հիմա չէինք վտանգի Սևանի էկոհամակարգը»:
Ա.Զուրաբյանը նշեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ խոսքը գյուղացիական տնտեսություններին ջրով ապահովելու մասին է, բայց կան հարցեր: Նա հարցադրում արեց` այն դեպքում, երբ ՀՀ-ն տարաբնույթ դամաշնորհներ է ստացել ԵՄ-ից ոռոգման համակարգի հետ կապված, արդյոք Ռուսաստանից ևս երբևէ դրամաշնորհ ստացե՞լ է ՀՀ ոռոգման համակարգի հետ կապված և արդյոք այն գումարները, որ ստանալու է ռուսական կազմակերպությունը, որ էլեկտրաէներգիա է արտադրում, որին «մենք ձրի հանձնել ենք մեր համակարգը», ի՞նչ ուղղությամբ է ծախսելու այդ հավելյալ եկամուտը: Ա.Զուրաբյնաը նշեց, որ այդ հավելյալ ջրբացթողումից ստացվելու է 97 մլն կվտ/ժամ հավելյալ էլեկտրաէներգիա. «Սա լրջագույն, բայց տնավարի լուծվող հարց է»:
Ա.Զուրաբյանի դիտարկմամբ` վտանգավոր միտք է հնչում ԱԺ-ում, որ էկոլոգիական հավասարակշռությունը ապահովելու համար պետք են երկար տարիներ. «Սրա տակ վտանգ կա թաքնված, որ հնարավորություն է հետագա ջրի բացթողումների համար և պատահական չէ, որ միտք է հնչել, որ առաջիկա 3 տարիներին մոտ 1 մլրդ խմ ջուր կարող է բաց թողնվել Սևանից: Հարցի ներկայացման ձևը կառավարության կողմից անընդունելի է, բերված հիմնավորումների վրա շատ ավելի լավ կարելի էր աշխատել»: