Բաժիններ՝

«Ո՞ւր է բնապահպանության նախարարը». ԱԺ-ում Սևանից հավելյալ ջրբացթողնման նախագիծը քննարկվում է առանց մասնագիտական եզրակացության

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է Սևանա լճից, բացի տարեկան սահմանված 170 մլն խմ-ից, հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնել:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հիմնավորմամբ` ջրամբարներն անհրաժեշտ քանակությամբ ջրով չեն լցվել, անցած տարվա համեմատ ջուրը պակաս է  189 մլն խմ-ով, որի պատճառով մոտ 130 հազար գյուղացիական տնտեսություններ խնդիրներ կունենան ոռոգման հետ կապված: Ըստ նրա` լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելն ընդամենը 8 սմ-ով է նվազեցնելու լճի մակարդակը, բայց հաշվեկշիռը տարվա արդյունքներով դրական է լինելու: Նա անընդունելի համարեց 15 ՀԿ-ների հետ Սևանից ջուր բաց թողնելու խնդրի քննարկումը: Հարությունյանի խոսքով` ոռոգման ցանցում ջրի կորուստները մեծ են, մայր ջրանցքներում` 26 %, ոռոգման համակարգում` 58 %:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց` ո՞ւր է բնապահպանության նախարարը, նա ի՞նչ դիրքորոշում ունի, ինչո՞ւ է նախագիծը ներկայացնում Ջրպետկոմի նախագահը. «Ոնց որ ստեղից-էնտեղից կպցրած հիմնավորում լինի»:

Ա.Հարությունյանը հակադարձեց, թե ջրային ոլորտի պատասխանատուն ինքն է:

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը դեմ արտահայտվեց նախագծին. «Կա՞ երկարաժամկետ մասնագիտական եզրակացություն: Եթե կա այդպիսին, ապա քանի՞ տարվա մասնագիտական եզրակացություն կա, օրինակ, 20-30 տարի Սևանի մակարդակի տատանումն ինչպիսի՞ն է լինելու»:

Ա.Հարությունյանը նշեց, որ ըստ ծրագրի՝ 2002-2030 թթ. Սևանի մակարդակը պետք է բարձրացվի 6 մետրով, ապա նախ` հավաստեց, թե այդ թիվը կգերազանցվի, իսկ հետո հակառակ տեսակետ հայտնեց. «Ես չեմ կարող որևէ երաշխիք տալ, որ 2030 թվականին կապահովվի 6 մետր բարձրացումը»:

Թե ի՞նչ մասնագիտական եզրակացություններ կան, Հարությունյանը լռեց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս