Բաժիններ՝

«Թող մասնագետների կանչեն, հարցնեն՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք». Սարգիս Սեդրակյան

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ, ՀՀ ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանն այսօրվա ասուլիսում խոսելով «Հողային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների մասին, ասաց, թե հողային առքուվաճառքը, որն արդեն սկսվել է, մի կողմից՝ սխալ մոտեցում է, մյուս կողմից՝ ճիշտ։

«Սխալ է այն տեսակետից, որ քաղաքացու իրավունքը ոտնահարվում է։ Մեկն ավտոմեքենա ունի, մեկը տուն ունի, մեկը՝ հողամաս. դա սեփականություն է, այն չպետք է  խլեն մարդու ձեռքից։ Մյուս կողմից՝ Հայաստանը սակավահող երկիր է, մենք ամեն մի քառակուսու վրա պիտի դողանք, նորմալ մշակենք, կարգին բերք ստանանք։ Մարդիկ կան՝ սեփականաշնորհած հողերը շպրտել են, գնացել այլ երկրների քաղաքացի են դարձել, չեն մշակում, իսկ հողն այնպիսի բան է, որ, եթե չմշակես՝ կքայքայվի, էրոզիայի, դեգրադացիայի կենթարկվի, հետո կդառնա անպիտան հող, և այդ ոչ պիտանի հողերը պիտանի դարձնելու համար կպահանջվի 5-10 անգամ ավելի մեծ ծախս, որը մեզ համար ձեռնտու չէ»,- նկատեց փորձագետը։

Հիշեցենք, որ նախատեսվում է օրենքով ամրագրել, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից՝ կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում՝ հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը:

Սարգիս Սեդրակյանի համոզմամբ՝ լավ կլինի, եթե այդ հողերն անցնեն պետության ենթակայության տակ, որովհետև մասնավորին փոխանցելու դեպքում գյուղացին չի կարողանա այդ հողերը գնել, կգնեն օլիգարխները, և Հայաստանում ֆեոդալիզմն ավելի մեծ թափ կստանա։

Նրա դիտարկմամբ՝ այսօր գյուղատնտեսության ոլորտում որոշակի ծրագրեր են իրականացվում, որոնք հեռանկարային չեն։ «Օրինակ՝ հայտարարվում է, որ լիզինգով գյուղտեխնիկա են տալու գյուղացուն կամ մեքենատրակտորային պարկ են ստեղծելու։ Եթե այսօր մտնենք գյուղեր և հարցնենք գյուղացուն, թե առաջին հերթին իրենց ի՞նչ է պետք, միանգամից կասի՝ գյուղտեխնիկա, որովհետև, ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ ամեն քայլափոխի տեսնում ես նոր մեքենաներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, մեզ մոտ սովետական, հնացած, շարքից դուրս եկած կոմբայններ ու տրակտորներ են։ Երբ ես ամիսներ առաջ խոսում էի Իգնատի Առաքելյանի հետ, նա ոգևորված բացատրում էր, որ լիզինգով տեխնիկայով են ապահովում գյուղացիներին, ես ասում էի, որ դա լավ բան է, բայց Հայաստանում չի աշխատի, որովհետև Հայաստանում հիմնական մասը խրված է օրեցօր աճող հարկերի, վարկերի, տոկոսների մեջ»,- ասաց նա։

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ գյուղնախարարության կայքում հրապարակված է, որ 7 միավոր գյուղտեխնիկա է վաճառվել. «Դա ի՞նչ թիվ է Հայաստանի համար, փաստորեն՝ այդ ծրագիրը չհաջողվեց»։ Իսկ մեքենատրակտորային պարկերի նախագիծը, ըստ Ս. Սեդրակյանի՝ աղքատ խավի համար է, լիզինգի ծրագիրն ավելի շատ հարուստների համար էր։

«Մեքենատրակտորային կայան ստեղծողը պետք է այդ կայանի մասին գաղափար ունենա։ Թող մասնագետների կանչեն, հարցնեն՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք։ Չեն հարցնում, իրենց դնում են ամենագետ մասնագետների տեղ, քաղհասարակությանը հաշվի չեն առնում, դրա համար էլ հաջողություն չի հասնում։ Հաջողության չի հասնի նաև հակակարկտային ցանցերի ծրագիրը, որ կազմում է 20-25.000 դոլար։ Հիմա գյուղացին որ արեց դա, քանի՞ տարում պիտի փոխհատուցի»,- հավելեց նա։

Ս. Սեդրակյանի խոսքով՝ իրենց առաջարկը հետևյալն է՝ աղքատ գյուղացիների համար ստեղծել մեքենատրակտորային պարկ, պետությունը գումարը տրամադրի, և ինքն էլ վերահսկի. «Իրենք ասում են՝ չէ, պետական կառավարումը վերացնենք։ Ծրագիրը ներկայացրել ենք, ներկայացրել ենք նաև կոոոպերացիայի ծրագիրը, բայց առայժմ ձայն չկա»։

Անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին՝ Ս. Սեդրակյանն ասաց. «Ինչքան ուզում է՝ կառավարությունը պարզաբանի ու ասի, որ լավ է համայնքների խոշորացումը, մենք միանշանակ ասում ենք, որ վատ է։ Ցանկացած խելացի գյուղացի ասում է, որ դեմ է այդ խոշորացմանը։ Տեղեր կան, որ արդեն միավորումը տեղի է ունեցել։ Այն համայնքը, որը կենտրոնականն է լինելու, բոլոր ծրագրերը կամաց-կամաց գալու են, լցվեն այդտեղ, այդ կենտրոնական գյուղը զարգանալու է, իսկ մյուսները «ծերանալու» են և «մահանան»։ Գալու է ժամանակ՝ այդ գյուղերից մնալու են միայն ցուցանակները, որի վրա գրված է գյուղի անունը»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս