«Դա միֆ է». Լևոն Մկրտչյան
Կրթության ոլորտին անցած տարի հատկացվել է 122.4 մլրդ դրամ, որը կատարողականի 97.3%-ն է: Այս մասին այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` գոհունակություն հայտնելով, որ Ֆինանսների նախարարությունն իրենց ֆինանսավորումը նորմալ ապահովում է:
«2016թ. փորձ է արվել կրթական համակարգը մեկ ամբողջական ծրագրի բերել, անցնում ենք միասնական կրթակարգի»,- ասաց նախարարը` նշելով, որ հաստատվել է որակավորումների ազգային շրջանակը, որը հնարավորություն է տալիս կրթությունը դիտարկել 1 միավոր` մանկապարտեզից մինչև բուհ:
Ըստ նրա` հանրակրթության շրջանում կրթության որակն ավելի լավն է, քան բարձրագույն կրթության ոլորտում, սակայն դպրոցներում ներդրված կառավարման խորհուրդներն իրենց չեն արդարացրել, և դպրոցին պետք է հանգիստ թողնել, որ այն զբաղվի կրթության և քաղաքացի դաստիարակելու խնդիրներով:
Լ.Մկրտչյանի խոսքով` պետք է հասկանալ կրթության համակարգի տեսլականը, գալ ընդհանուր խնդիրներից, ապա նոր անցնել առարկայական չափորոշիչների: Նախարարն անդրադարձավ դպրոցներում ուսումնական ծրագրի ծանրաբեռնվածությանը` նշելով, որ, եթե եվրոպացի երեխան շաբաթական 14-16 առարկա է անցնում, ապա մեզ մոտ` 20-22:
Նախարարը հերքեց տարածված տեսակետը, թե բարձրագույն կրթությունը տարածվածություն ունի մեր երկրում. «Դա միֆ է: ՀՀ-ի բնակչության, ըստ պաշտոնական տվյալների, 35 % կազմող սոցիալապես անապահով խավի ընդամենը 5 %-ն է ներկայացված բարձրագույն կրթության համակարգում: Հայաստանում բնակչությունը ներգրավված է բարձրագույն կրթությունում 51 %-ով, եվրոպական ստանդարտը 60-65 % է»:
Լ.Մկրտչյանի խոսքով` բուհերում բակալավրիատ ավարտածների մոտ 70 %-ը հումանիտար ուղղվածության են, բայց պետք է ձգտեն, որ դոմինանտ դառնան բնական գիտությունները, առաջնություն կտրվի պոլիտեխնիկական կրթությանը. «Այլապես Հայաստանը կլինի բացառապես սպասարկող տարածք»: