Բաժիններ՝

Հայաստանը կենդանատեսակներով հարուստ երկիր է և տարածաշրջանում ամենալավ ուսումնասիրվածը

Ողնաշարավոր կենդանիներից Հայաստանում կան մոտ 90 տեսակի կաթնասուններ, 51 տեսակի սողուններ, 7 տեսակի երկկենցաղներ, մոտ 30 տեսակի ձկներ և մոտ 300 տեսակի թռչուններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողերի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը: Նրա խոսքով` անողնաշար կենդանիները մոտ 16.5 հազար են, դրանցից մոտ 4000-ը՝ բզեզներ, 2000-ը` գիշերային և ցերեկային թիթեռներ, ինչպես նաև մոտ 160 տեսակի փափկամարմիններ:

«Հայաստանի համար 16,5 հազար անողնաշար կենդանիներ ունենալը շատ է` մերձարևադարձային գոտու երկրների համար Հայաստանը շատ հարուստ է: Այն պայմանավորված է երկու գործոնով: Ունենք շատ զանազան գոտիավորություն, բավականին զանազան են մեր էկոհամակարգերը: Մյուս պատճառն այն է, որ Հայաստանը գտնվում է մեծ կենսաշխարհագրական բաժանումների սահմանին, և մեզ մոտ հյուսիսից` եվրոկովկասյան, արևմուտքից` միջերկրածովյան, իսկ արևելքից` իրանական ու միջինասիական ֆաունաներն են: Այսինքն` դրանք միանում են, և մենք ունենում ենք եվրոպական և միջինասիական բազմազանություն»,- ասաց Քալաշյանը:

Նրա խոսքով` ողնաշարավոր կենդանիներից Հայաստանում կան 2 տեսակի էնդեմիկ (բնաշխարհիկ, տեղական) մկնանման կրծողներ, 1 տեսակի միջատակեր` գորշատամը, սեղանի իշխանը, հայկական և երևանյան իժը, իսկ թռչուններ չկան:

«Կենդանին պետական սահմաններ չի ճանաչում, ուստի շատ հաճախ կենդանիների որոշ տեսակներ իրենց բնակության վայրերը կարող են փոխել: Մասնավորապես, դրանք այն տեսակներն են, որոնք գտնվում են Հայաստանի և Նախիջևանի սահմանի մոտ: Միջատների որոշ տեսակներ կապված են մի նեղ էկոհամակարգի հետ, և նրանք էնդեմիկ են: Օրինակ` Եղեգնաձորի քարանձավներից մեկում ունենք գնայուկ բզեզի մի տեսակ, որը հանդիպում է միայն այնտեղ: Շատ տեսակներ կան, որ էնդեմիկ են, քանի որ համապատասխան էկոհամակարգը միայն մեզ մոտ կա, սակայն որոշ տեսակներ, կարելի է ասել, պայմանական էնդեմիկ են»,- ասաց նա:

Քալաշյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի կենդանական աշխարհը Կովկասի տարածաշրջանում ամենալավ ուսումնասիրվածն է:

Նրա խոսքով` էնդեմիկ միջատ համարվող որդան կարմիրը վերահսկվում է միայն երկու արգելոցում, իսկ մնացած տարածքներում, որտեղ այն հանդիպում է, չի վերահսկվում և չի պահպանվում: Օրինակ՝ Արարատյան դաշտում, որտեղ ողջ բնությունը քիչ թե շատ վերափոխվել է այգիների: Քալաշյանը նշեց, որ որդան կարմիրի աճը տարիների ընթացքում բնականոն տատանումներ է ունենում, ոչ պակասում է, ոչ ավելանում:

«Ցավոք, Հայաստանում կենդանատեսակների կանոնավոր հաշվարկներ չեն կատարվում: Ֆինանսական միջոցների պակասի հետևանքով, ուստի հնարավոր չէ ստույգ պատասխանել, թե որ տեսակներն են ավելացել կամ պակասել»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս