Բաժիններ՝

Մինսկի խումբը փաստի առաջ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան բավական լարված ֆոն ունեցավ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, ինչպես Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում: Այս վերլուծությունները միանգամայն հիմնավոր էին, թեև սրերով ընդունվեցին Հայաստանում: Ղարաբաղյան հակամարտության մեջ վաղուց շրջանառվող բանաձեւ կա`բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, կամ հակառակը: Այսինքն, եթե հակամարտության բանակցային ճակատում լռություն է, ապա ակտիվ է կռվի դաշտում: Ինչին էլ ականատես ենք լինում վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում:

ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրներին, մասնավորապես ՄԽ-ում համակարգողի դեր ստանձնած Ռուսաստանին առայժմ չի հաջողվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցությունների: Իսկ բանակցային գործընթացում առաջացած անդունդը կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր համար նպաստավոր բովանդակությամբ լցնել:

Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղության ամրապնդման ծրագիրը, հետաքննության մեխանիզմների տեղակայումը`թեկուզ միակողմանիորեն, և բանակը նոր ու ժամանակակից սպառազինություններով համալրելու խնդրի լուծումը: Այս բոլոր ուղղություններով առաջընթացը տեսանելի է: Պաշտոնական Երևանը, սակայն, ևս մեկ ռազմակավարական ուղղություն է հետապնդում, այն է` միջազգային հանրության աչքում եւ հատկապես հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերություններում Ադրբեջանի վարկաբեկումը:

Հայկական կողմը ջանում է Ադրբեջանին անկյուն մղել, նրան ներկայացնելով որպես ահաբեկչական բռնապետություն, որը չի հարգում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, խախտում է զինադադարի համաձայնագիրը, պատերազմական հանցագործությունների է դիմում և այլն: Այս ռազմավարության հեռահար նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է: Դժվար է ասել, որքանով է ճիշտ նման նպատակ հետապնդելը, որքան է շանսը, որ այն մի օր հաջողությամբ կպսակվի:

Այս ուղղությամբ առաջընթացը եթե նույնիսկ կա էլ, ապա ծայրահեղ դանդաղ տեմպերով է և դժվար տեսանելի: Ամենախոշոր ձեռքբերումը մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը խախտել է զինադադարը: Սրանից անմիջապես հետո պաշտոնական Երևանը սկսեց խոսել այն մասին, որ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, ժամանակն է, որ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին Մինսկի խումբը կոնկրետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին սանձելու համար: «Երբ որ այդպիսի հայտարարություններ անում են եռանախագահող երկրների նախագահները, իսկ դրանք [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա․․․ նախագահները ասում են՝ խստորեն կդատապարտվի: Ի՞նչ է նշանակում, դա լոկ հայտարարությո՞ւն է․․․ Կարծում եմ՝ ոչ միայն»»,- անցյալ շաբաթ այսպիսի սադրիչ հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում Էստոնացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նման լուրջ և հեռահար հետևությունների հիմք էր տալիս բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեական հայտարարությունը: Դրանից հետո, սակայն, շատ բան է փոխվել: Եվ որպեսզի Նալբանդյանի հռետորական հարցն ու առհասարակ Երեւանի բռնած ճանապարհը ճիշտ դուրս գային, պետք է տարածաշրջանային այս այցի արդյունքներով հայտարարության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հասցեական հայտարարություն անեին եւ շատ ավելի կոշտ բառերով դատապարտեին այս ուրբաթ և շաբաթ օրերին ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք չորս հայ զինվորի կյանք արժեցան:

Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր ռազմական օբյեկտ, որը մասնակի վնասվել էր, մարդկային կորուստների մասին խոսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կյանքերի մասին է խոսքը: Սակայն Ալիևի հետ այսօր կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունն արդեն իսկ չէր խոսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստվում է հերթական հասցեական հայտարարությունն անելուն:

Պոպովը Ալիևի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց, որ համանախագահները խորը ափսոսանք են զգում առաջնագծում վերջին դեպքերի առնչությամբ, և որ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում մենք քննարկումներ ենք անցկացրել քաղաքական երկխոսության վերսկսման առնչությամբ: Այդ քննարկումների արդյունքներով կարելի է գալ եզրակացության, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին»,- ասաց Պոպովը:

Երևան և Ստեփանակերտ այցից հետո քաղաքական բանակցությունները վերսկսելու մասին խոսք չի եղել: Իսկ մինչ համանախագահների Հայաստան գալը ՌԴ ԱԳ նախարարութան խոսնակ Մարիա Զախարովան հետևյալ կերպ էր ներկայացրել քննարկումների թեման. «Հայաստանում համանախագահները հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը։ Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»: Ոչ մի խոսք բանակցությունների վերսկսման մասին:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով մոսկովյան հանդիպմանը, ապա այն լրացնում է Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում անցյալ տարի կայացած նախագահական մակարդակով հանդիպումների շարքը, երբ կողմերից յուրաքանչյուրն իր ուզած ձեւով է մեկնաբանում արդյունքները:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի վերաբերյալ Սերժ Սարգսյանը պնդում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում խաղաղության ամրապնդման մեխանիզմների ներդրման շուրջ, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել բովանդակային բանակցությունների: Ալևը պնդում է, որ դրան զուգահեռ հայկական կողմը պետք է որոշ տարածքներից զորքեր դուրս բերի: Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման մասին Նալբանդյանը պնդում է, որ քննարկել են խաղաղության ամրապնդման պայմանավորվածությունների կատարումը, Մամեդյարովը պնդում է, որ քննարկել են հայկական զորքերի դուրսբերման եւ խնդրի կարգավորման այլ հարցեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` երեկ երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, և փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս