Կարկուտն ու տնտեսության ամենամեծ ոլորտը
Խորհրդային գիտահետազոտական ինստիտուտներում ամենատարածված զբաղմունքը եղանակի մասին զրուցելն էր: «Քաղաքականապես գրագետ ու բարոյապես կայուն» խորհրդային մտավորականի համար վերլուծությունների այլ անվտանգ թեմա չկար: Ու ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այժմ էլ եղանակի տեսությունը հասարակական հետաքրքրության հիմնական թեմա կդառնա:
Ավելին՝ ազգս հականե-հանվանե գիտի բոլոր հեռուստաալիքներով եղանակի տեսության հաղորդավարներին և համապատասխան ծառայության ղեկավար կազմին: Այս փաստն արդեն քաղաքական բացատրություն չունի: Եղանակի նկատմամբ բոլորիս վառ ընդգծված վերաբերմունքը պարզագույն պատճառ ունի: Ձմռանը հետաքրքրվում ենք, որովհետև ցուրտ եղանակի պատճառով ջեռուցման վրա շատ ենք ծախսում: Իսկ գարնանը գյուղատնտեսությունն է պատճառը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրի բնակչության 64 տոկոսը քաղաքաբնակ է: Այսինքն՝ բնակչության մոտ երկու երրորդը գյուղատնտեսության հետ պաշտոնապես որևէ աղերս չունի: Բայց միևնույն է, գյուղատնտեսության ոլորտն ամենասերտ կապն ունի քաղաքաբնակների հետ: Պատճառը միայն ծիրանի սեզոնին ամենահայկական համարվող մրգի գինը չէ:
Անցած տարի հրապարակված «Հայաստանի տնտեսության նոր իրականությունը» միջազգային զեկույցի համաձայն՝ մեր երկիրը դասական ագրարային երկիր է: Մեր վերջին երեք վարչապետների ելույթների սիրելի թեման գիտելիքահեն տնտեսությունն է:
Անկեղծ ասած, ես էլ՝ վարչապետների նման, լավ չեմ հասկանում, թե գիտելիքահեն տնտեսությունը ո՞րն է: Եվ բոլորովին չեմ պատկերացնում, թե ինչպես զարգացնել այն մի երկրում, որի տնտեսական աճի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի գուղատնտեսությունը: 2015-ի պարագային մեր տնտեսության աճի առյուծի բաժինը հենց այս ոլորտինն էր՝ 2,1 տոկոս:
Ավելին՝ գյուղատնտեսությունը տարիներ շարունակ մեր երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում եղել և մնում է գերակշռող ոլորտը: 2015-ին ՀՆԱ-ի 17,3 տոկոսը բաժին է ընկել գյուղատնտեսությանը: Այն ՀՆԱ կառուցվածքում մոտ երկու անգամ գերազանցում է արդյունաբերությանը, որի մասնաբաժինը 9,1 տոկոս է: Սա՝ այն դեպքում, երբ մշակող արդյունաբերության մեջ զուտ սննդամթերքի վերամշակումն ապահովում է 60 տոկոսանոց ցուցանիշ:
Ասել կուզի՝ մեր արդյունաբերության մեջ անգամ գյուղատնտեսության մասնաբաժինը բավական նկատելի է: Հետևաբար՝ գարնանային բոլոր ցրտահարություններն ու կարկտահարությունները վերաբերում են համարյա բոլորիս:
Զուտ այս պատճառով ամեն գարուն կարկտահարության դեմ պայքարի խնդիրը դառնում է հասարակական քննարկումների թեմա: Հիմա նույնիսկ ոչ մասնագետները գիտեն, որ նախորդ տարիներին մեր իշխանությունները պատշաճ նախանձախնդրություն չէին ցուցաբերում հակակարկտային արկերի ընտրության հարցում:
Լիովին հասկանալի պատճառներով՝ տարիներ շարունակ ձեռք էին բերվում էժանագին արկեր, որոնց արդյունավետությունը բավարար չէր: Այս տարի նման խոսակցություն-մեղադրանք չկա: Փոխարենը՝ շաբաթվա սկզբին կարկուտը յոթ գյուղի բերք ու բարիք ոչնչացրեց:
Անբարենպաստ եղանակը օթերևութաբանները կանխատեսել էին: ԱԻՆ-ն էլ իր հերթին՝ հրապարակեց, որ բավարար քանակությամբ համազարկ է տվել: Բայց դաշտերն ու այգիներն ավերվեցին: Մինչ իշխանությունները խոսում են պատճառված վնասի հաշվարկման մասին, հուսահատված գյուղացիներն ավտոմայրուղիներ են փակում՝ համարելով, որ իրենց ձայնն իշխանություններին հասցնելու ավելի ազդեցիկ միջոց չունեն: Ամեն տարի նույն դեժավյուն է: Արդեն վաղուց ոչ ոք չի խոսում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրությունը զարգացնելու մասին:
Ապահովագրության ոլորտի մասնագետների կարծիքով՝ գյուղատնտեսության ոլորտն ամենառիսկայինն է համարվում բոլոր երկրներում: Եվ կարելի է կանխատեսել, որ այն Հայաստանում մոտակա տարիներին լուրջ զարգացում չի ապրի: Ճիշտ այնպես, ինչպես կառավարությունը երբեք անհրաժեշտ քանակությամբ միջոցներ չի կարողանա հայթայթել-հավաքագրել գյուղացիներին նկատելի ծավալի փոխհատուցում հատկացնելու համար:
Այս տարի էլ, նախորդների նման, մի կողմից՝ գյուղացիների խնդրանքն ենք լսելու վարկերի մարումները սառեցնելու, դրանց ու մյուս անհրաժեշտ մուծումները սուբսիդավորելու մասին: Մյուս կողմից՝ իշխանությունները փորձելու են հնարավորինս մշուշոտ խոստումներով հանդարտեցնել իրավիճակը: Հետո հայտնի գործարար-օլիգարխ-քաղաքական գործիչն է իր հետ «աշխատող» գյուղացիների պարտքերի մի մասը «բաշխելու»: Ու այս իրավիճակը կրկնվելու է ամեն տարի:
Մինչդեռ ժամանակն է հասկանալու, որ գիտելիքահեն տնտեսությունն ու ՏՏ ոլորտները, ցավոք, դեռ իրական ծավալներ չունեն մեր տնտեսության ոլորտում: Հարկավոր է, ի վերջո, հաշվի նստել փաստի հետ: 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ավարտին մեր երկրի ՀՆԱ-ում ամենամեծ մասնաբաժինն ունի գյուղատնտեսությունը: Այն մեր տնտեսության ավանդական ճյուղ է, և այդ ոլորտի զարգացման հեռանկարն է դեռ երկար ժամանակ ապահովելու մեր տնտեսության իրական եկամուտը:
Մի՞թե կարելի է անվերջ համակերպվել «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ասացվածքի հետ: Ի վերջո, 21-րդ դարն է: