
«Մեր նպատակը պետք է պարզ լինի. փակել սահմանը». Պավել Կլիմկին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն առաջարկել է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում ՌԴ-ի քաղաքացիները պարտավոր են նախօրոք տեղեկացնել Ուկրաինա այցելելու մտադրության մասին։
«Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հարթակ եւ վերահսկել ժամանումը, այնպես, որ դա բացարձակ անվերահսկելի չլինի»,- ասել է Կլիմկինը «1+1» հեռուստաալիքի եթերում:
ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ եթե նման հարթակի ստեղծման քաղաքական որոշում ընդունվի, մի քանի ամիս կպահանջվի դրա մշակման եւ թեստավորման համար: «Մեր նպատակը պետք է պարզ լինի. փակել սահմանը, բայց այնպես, որ դա լինի ոչ թե քաղաքական կոչ, այլ որ սահմանը լինի փակ, եւ որ դա չվնասի ուկրաինացիներին»,- հավելել է դիվանագետը:
Գերագույն ռադայում նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» խմբակցությունն ավելի վաղ հանդես է եկել ՌԴ-ի հետ այցագրային ռեժիմ սահմանելու նախաձեռնությամբ եւ պահանջել է այդ առաջարկությունը քննարկել խորհրդարանում: Իր հերթին Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին հայտնել է, որ հաջորդ լիագումար շաբաթ (հունիսի 20-ից) Ռադան կարող է քննարկել համապատասխան դիմումը արտաքին գործերի նախարարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: