Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է արևային էներգիայով աշխատող ավտոբուս
Կրթությամբ պատմաբան, բայց ճակատագրով գործարար Գուրգեն Վարդանյանը ծնվել է Սիսիանում։ Ասում է՝ ուզում էր հնագետ դառնալ, չդարձավ ու սկսեց զբաղվել բիզնեսով: Արևային էներգիայի բիզնեսով զբաղվում է՝ արդեն 10, իսկ հուշանվերների արտադրությամբ` 15 տարի: Այս երկու բիզնեսների համախմբմամբ և նոր գաղափարների ավելացմամբ ստեղծվեց շարժական, արևային էներգիայով աշխատող ավտոբուսը։
«Տարբեր երկրներում տեսել եմ շարժական առևտրի բազմաթիվ կետեր։ Այս գաղափարը, այնուամենայնիվ, միջազգային փորձի վրա հիմնված չէ, արևային էներգիան և հուշանվերների շարժական բիզնեսը մեր միտքն է, որովհետև շարժական առևտուրն այլ երկրներում կատարվում է սննդի կետերի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Վարդանյանը:
Ոչ սովորական բիզնես ունենալու ցանկությունն էլ, երևի թե, առաջացրել է այս գաղափարը, որովհետև, ինչպես մեր զրուցակիցն ասաց՝ հերթական բիզնես անելը հաճույք չէր պատճառի։ Գուրգեն Վարդանյանը պատմում է, որ մի անգամ գործընկերներով զրուցելիս են եղել, և միտք է առաջացել՝ հուշանվերների շարժական խանութ ստեղծել. «Մտածեցինք՝ այնպես անել, որ շարժական լինի, անվադողերի վրա լինի, որ հեշտ տեղափոխենք։ Հետո ասում ենք՝ դե, եթե անվադողերի վրա ենք անում, ավտոբուս անենք։ Այդպես ավտոբուսի մտքի վրա կանգնեցինք»:
Գործարարն ասում է, որ փորձը ցույց է տվել՝ երբ բիզնեսում սկսում ես շատ խորանալ, վերջում չես անում, որովհետև շատ խնդիրներ կան, պիտի մտքիդ եկածն արագ անես, հակառակ դեպքում՝ կկոտրվես:
«Երբ գաղափարը ստեղծվեց, արագ գտա ավտոբուսը, գնեցի ու ասացի՝ արդեն գումար եմ ծախսել, պիտի անեմ: Սովորական երկրորդ սերնդի «Պազ» ավտոբուս էր։ Ավտոբուսը գնել եմ, կանգնեցրել, դիմացը նստել եմ, նայում եմ ու մտածում՝ ինչպե՞ս անեմ, որ խանութ դառնա: Հասկացա, որ սա մինչև զրո չդառնա, չի ստացվի: Ընկեր գտա, որը մեքենաներ է քանդում։ Տարա, քանդեցին ավտոբուսը։ Անվադողերից վերև մնացել էր միայն վարորդի նստարանը, շարժիչը և վերջ»,- ասաց նա:
Գ. Վարդանյանն ասաց, որ ավտոբուսը զրոյական տեսքի բերելուց հետո արդեն սկսել են մտածել, թե այն ինչպիսի՞ տեսք պետք է ունենա։ Այնպես են արել, որ հենց արտաքին տեսքից երևա՝ ի՞նչ կա ավտոբուսի ներսում, որպեսզի, ինչպես նա նշեց, գնորդը հոգեբանական արգելք չհաղթահարի՝ դուռ բացելով ու սպասելով, թե ի՞նչ է տեսնելու այնտեղ. ավտոբուսն ապակեպատ է։ Հուշանվերների բիզնեսն արևային էներգիայով աշխատեցնելու գաղափարն էլ առաջ է եկել այն ժամանակ, երբ հասկացել են, որ ավտոբուսն ունի հոսանքի խնդիր:
«Տարբերակներից մեկը շարժիչն աշխատեցնելն ու բենզինի միջոցով էներգիա ստանալն էր, որը թանկ է և աղմուկ է առաջացնում: Որոշեցինք արևային էներգիայով աշխատեցնել: Դրա համար թեք տանիք ստացանք, որպեսզի տեղավորենք արևային պանելները»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս ավտոբուսի նպատակը միայն հուշանվերներ վաճառելը չէ, այն նաև ապահովելու է շատ տեսարժան վայրերի լուսավորու-թյունը։
Զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու անվճար WiFi-ից և հեռախոսի լիցքավորման ծառայություններից օգտվել։
«Ամբողջ աշխարհում կան շատ հուշարձաններ, որոնք գիշերային լուսավորության, տեսահսկման համակարգերով ապահովելու խնդիր ունեն, որովհետև այդ հուշարձանները բնակավայրերից մոտ 30 կմ հեռու են գտնվում։ Օրինակ՝ Դուբայում կա մի հուշարձան, որը գտնվում է օազիսի մեջ, ջուր կա, բայց հոսանք՝ ոչ, և դա լուծում են՝ արևային պանելներ տեղադրելով։ Այդպիսի հուշարձաններ կան նաև Հայաստանում, օրինակ՝ Սիսիանում՝ Ուխտասարը հրաշք տեղ է, մոտ 3500 մ-ի վրա թվով 2000 ժայռապատկերներ կան։ Նմանատիպ ավտոբուսի միջոցով կկարողանանք ապահովել դրա գիշերային լուսավորությունը»։
Թե քանի՞սն են լինելու այս ավտոբուսները, դեռ պարզ չէ։ Ինչպեսև դեռևս հստակ չէ, թե այս ավտոբուսն առաջինը ո՞ր հուշարձանի մոտ է աշխատեցվելու։ «Սա դարձել է ստեղծագործական գործընթաց: Այդ նույն հաջողությամբ մենք կարող էինք Աբովյան փողոցի վրա վարձակալել տարածք ու վաճառել հուշանվերները, բայց այդտեղ հաճույքի զգացում չկա: Հաճույքի զգացումն այն է, երբ դու ստեղծագործում ես, քո մտքերը, գաղափարներն ես իրագործում: Սա նորություն է. նկարիչը ո՞նց է նկարում ու դրանից հաճույք ստանում, ա՛յ սա էլ այդ գործընթացի նման է»,- ասաց մեր հերոսը։
Ավտոբուսը ստեղծելիս Գուրգեն Վարդանյանն այնպես է արել, որ այնտեղ լինի այն, ինչի կարիքն ինքը զգացել է, երբ ինքն է եղել զբոսաշրջիկի դերում։ Եվ հաջորդ փուլում ավտոբուսի վրա տեղադրվելու են բիոզուգարաններ, որոնք նաև ունենալու են լվացարաններ, իսկ 3-րդ փուլն էլ լինելու է շարժական «Hostel» ծրագրի իրականացումը։
ՌՈԶԱ ՀԱԿՈԲՅԱՆ