Վրացի լրագրողները բացատրություն են պահանջում կառավարությունից Աֆղան Մուխտարլիի առևանգման առնչությամբ
Վրացի լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կհավաքվեն կառավարության շենքի դիմաց՝ բացատրություն պահանջելու իշխանություններից Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել բոլոր մտահոգ անձանց միանալ իրենց.
«Միացեք մեզ և հայտնեք ձեր բողոքը՝ կապված վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում բնակվող ադրբեջանցի մեր գործընկերոջ անհետացման հետ: Միացեք ու ձեր աջակցությունը հայտնեք նրան՝ բացատրություններ պահանջելով Վրաստանի կառավարությունից»:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն:
Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում եւ ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա եւ դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, եւ այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ:
Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան եւ փաստել, որ քթի եւ ճակատի հատվածում երեւում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել: