![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե կարողանանք ջուր գտնել, ապա դա լինի ամենալավ նշանը, որ այլ մոլորակների վրա կյանք կա». Միշել Մայոր
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/18788480_10209765372675255_75133841_n.jpg)
Շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, արտարեգակնային առաջին մոլորակի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիր, պրոֆեսոր Միշել Մայորը եռօրյա այցով Հայաստանում է: Նա ժամանել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի հրավերով: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի խոսքով՝ նրա այցի նպատակն է՝ նշել պրոֆեսորի 75-ամյակը:
Մայիսի 31-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կկայանա Մ. Մայորի հանրային դասախոսությունը, որին կհաջորդի Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արտարեգակնային մոլորակներ և աստղակենսաբանություն» թեմայով աշխատաժողովը։
Միշել Մայորն առաջին անգամ չէ Հայաստանում. առաջին այցը եղել է 2007 թվականին, երբ Հայաստանում անցկացվեց Եվրոպական աստղագիտական մեծ համագումարը, որի ընթացքում Միշել Մայորը մի ամբողջ գիտաժողով ղեկավարեց: 2010 թվականին երկու գործընկերների՝ Իսպանիայում բնակվող հայազգի գիտնական Գարիկ Իսրաելյանի և Նունու Սանտոշի հետ արժանացավ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին: Ներկայումս նա ընդգրկված է Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտախորհրդատվական հանձնաժողովի մեջ, ինչպես նաև Վիկտոր համբարձումյանի անվան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Մայիսի 30-ին պրոֆեսոր Միշել Մայորը Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ խոսեց Արտարեգակնային մոլորակների ոլորտում ներկայիս զարգացումներից:
Պրոֆեսոր Միշել Մայորը բացատրեց, թե ի՞նչ է նշանակում Արտարեգակնային մոլորակ. աստղերի շուրջ կարող են մոլորակներ լինել, ու այդ աստղերին կոչում են արտարեգակնային մոլորակներ, այսինքն՝ արեգակնային համակարգից դուրս:
Շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնևի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Միշել Մայորն առաջին էկզոմոլորակը բացահայտել է 1995թ.-ին, որից հետո հաջորդ 22 տարիներին հազարավոր այդպիսի մոլորակներ են բացահայտվել և բնութագրվել: Ներկայում կան ավելի քան 3600 հայտնի էկզոմոլորակներ, որոնցից շատերի չափերն ու զանգվածները շատ չեն տարբերվում Երկիր մոլորակից, ինչը գիտնականներին հույս է տալիս, որ մարդկությունը երկվորյակ մոլորակ հայտնաբերելու շեմին է:
«Մարդկությանը առնվազն 2000 տարի հետաքրքրել է, թե արդյո՞ք սա միակ հնարավոր հասարակությունն է, քաղաքակրթությունն է, թե՞ կան նաև այլ հասարակություններ տիեզերքի այլ մասերում: Հիմա մեզ բախտ է վիճակվել ապրել մարդկության պատմության այնպիսի մի փուլում, երբ հայտնաբերվեցին այդ մոլորակները»,- նշեց պրոֆեսորը:
Բանախոսի խոսքով՝ այստեղ միայն մոլորակ հայտնաբերելը չէ, այլ բազմաթիվ հարցեր կան. մոլորակների ուսումնասիրություն, դասակարգումներ, մթնոլորտների ուսումնասիրություններ:
«Կյանքի ուսումնասիրության համար մեզ պետք է պայմաններ գտնենք, որ ջերմաստիճանը ո՛չ ցածր լինի, ո՛չ էլ շատ բարձր: Հիմա հիմնական խնդիրը պիտի լինի ջուր գտնելը, եթե դա կարողանանք գտնել, ապա ամենալավ նշանը կլինի, որ այլ մոլորակների վրա կյանք կա»:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը խոսելով Հայաստանում այս ոլորտի հետ կապված խնդիրների մասին՝ նշեց.
«Հայաստանում երբեք չեն զբաղվել Արտարեգակնային համակարգի ուսումնասիրություններով: 20 տարուց ավելի անցել է, բայց դեռ պատշաճ չենք արձագանքել սրան, այդ պատճառով ես շատ կարևորում եմ այդ թեմայի զարգացումը Հայաստանում»:
Միշել Մայորի խոսքով՝ Բյուրականի աստղադիտարանը միշտ էլ հայտնի է եղել Համբարձումյանի շնորհիվ՝ գալակտիկաների ուսումնասիրության առումով, բայց տարիներն անցնում են, ու գիտության մեջ էլ են փոփոխություններ լինում, ու այժմ շատ տարածված ու կարևոր է արտաարեգակնային մոլորակների հարցը, և լավ կլինի, որ հենց այդ ուղղությամբ գործունեություն ծավալվի: Այս առումով Հայաստանի տեխնիկական հնարավորությունները պետք է ուսումնասիրել, պետք է մշակել այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով Հայաստանում հնարավոր կլինի զբաղվել Արտարեգակնային մոլորակների որոնմամբ:
Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 31-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Միշել Մայորը կմասնակցի Արտարեգակնային մոլորակներին նվիրված աշխատաժողովին, որին հրավիրված են աստղագետներ, կենսաբաններ, քիմիկոսներ:
Անի Թորոսյան