«Մենք սանկցիաների մասին դեռ չենք լսել». Թևան Պողոսյան

«Միջազգային հանրության կողմից մշտական նախադասություն է, որ եկել է ստատուս-քվոն փոփոխելու ժամանակ։ Դա ընդամենն իրենց գնահատականն է, բայց որևէ ավելի լավ առաջարկ կարծես թե իրենք էլ չեն կարողանում անել, որովհետև, եթե գրում են, որ մեխանիզմները պետք է հետաքննման լինեն, ուրախ կլինեմ դրանք կյանքում տեսնել։

Մեկ տարուց ավելի է անցել, մեխանիզմները չկան։ Մինչև հիմա լսել ենք, որ դիտորդների քանակը պետք է մի քանիսով ավելանա, բայց այսօր Շավարշ Քոչարյանն ասել է, որ, եթե նույնիսկ 100 լինեն, այդ դիտորդները չեն օգնելու, ինչը նշանակում է, որ մեխանիզմն ամբողջովին մշակված չի և, բացի դա, մենք չենք տեսել նաև այն խնդիրը, որ, օրինակ՝ հետաքննեն, ու ոչ թե՝ հիմնվելով վստահելի աղբյուրների վրա, այլ 100% ասեն՝ Ադրբեջանն է սկսել, հետո ի՞նչ է լինելու։ Մենք սանկցիաների մասին դեռ չենք լսել, որ, եթե զինադադարը խախտվում է, դրանից հետո ի՞նչ են անում»,-  168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունը, թե ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։

Ըստ նրա՝ այդ մասին առաջին անգամ չէ ասվում, այդ մասին ասել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր երկրների ղեկավարներ…

«Ես Սվիտալսկու խոսքերը հասկանում եմ այնպես, որ շատ ուրախ կլինեն, եթե ինչ-որ բան փոխվի ու էսկալացիա այլևս չլինի, որ կողմերը կարողանան նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Թևան Պողոսյանը։

Հարցին՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից հետո միջազգային հանրությունը որևէ այլ քայլ կնախաձեռնի՞, Թ. Պողոսյանը պատասխանեց, թե նախաձեռնի-չնախաձեռնի, կգա մի օր, մենք դրա մասին կիմանանք։

Նրա խոսքով՝ ՄԽ հայտարարությունից հետո եղել է միայն ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարությունը, ըստ որի՝ կարծես թե եղել է համաձայնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում յոթ հոգով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը, բայց դրան միանգամից հետևել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը:

«Եթե նույնիսկ Շավարշ Քոչարյանի հայտարարությունը չլիներ, մենք 2 երկրներում՝ Վրաստանում և Ուկրաինայում, շատ հետաքրքիր փորձ ունենք, երբ նույն ԵԱՀԿ դիտորդական առաքելություններն այդպես էլ չնպաստեցին զինադադարի խախտումների վերացմանը։ Ուկրաինայում 800-ից ավելի էին դիտորդները, Վրաստանում՝ 600-ից ավելի, բայց այդ ժամանակ էլ նրանք արդյունք չբերեցին։ Շատ լավ գաղափար է, հենց տեսնեմ՝ կյանքի է կոչվում, մեծ ուրախությամբ կողջունեմ։ Մնացածը եկեք դատենք արդյունքներով, որովհետև բոլոր հայտարարություններից հետո բոլորս լսեցինք, թե ինչպես է Ադրբեջանը նորից խախտել զինադադարը, և մեր դիրքերում Արցախյան ՊԲ զինվոր է զոհվել։

Այնպես որ, լավ կլիներ՝ միանգամից լսեինք այդ դեպքի դատապարտումը։ Կա՛մ հետևողական պետք է աշխատեն միջազգային հանրության ինստիտուտների ներկայացուցիչները, կա՛մ կարողանան այնպիսի գործուն մեխանիզմներ առաջարկել, որ մենք վստահություն ունենանք, որ մի բան կփոխվի, որովհետև ամեն մեկն իր պատկերացումն ունի ստատուս-քվոյի մասին։

Արցախցիների համար ստատուս-քվոն այլ բան է, Հայաստանի համար՝ այլ, Ադրբեջանի համար՝ այլ, միջազգային հանրության համար ստատուս-քվոն այլ բան է, և ես չգիտեմ այնպիսի մի բան, որ բոլորը նույն կերպ ընկալեն, թե ստատուս-քվոն ինչ է նշանակում»։

Տեսանյութեր

Լրահոս