«Տնտեսական աճի 3-3.5% հնարավորությունը նվազագույն այն ցուցանիշն է, որին կարող է հասնել մեր տնտեսությունը»

«168 Ժամի» զրուցակիցն է տնտեսագետ, ՀՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանը

Պարոն Մարգարյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ նաև տնտեսությանը։ Որոնք էին, ըստ Ձեզ՝ ամենակարևոր ուղերձները։

– Նախ ասեմ, որ ելույթը ծրագրային, քաղաքական ելույթ էր՝ միտված երկրի ռազմավարությանը կամ տեսլականին՝ 2.5 տասնամյակ հետո ինչպիսին կլինի Հայաստանը։ Իմ ընկալմամբ՝ դա որոշակի էքստրապոլյացիա է՝ 2.5 տասնամյակի զարգացումներից։

Այսինքն՝ սցենարը, որ սահմանվում են թիրախներ՝ որոշակի տնտեսական աճի, շնչի հաշվով, եկամտի աճի, աղքատության, արտահանումների և այլնի գծով, ենթադրում է, որ ներկա ինստիտուցիոնալ իրողությունները, ռեգիոնալ կացությունը, այն պայմանները, որում գտնվում է Հայաստանը, հիմնական փոփոխության չեն ենթարկվի։

Կարդացեք նաև

Արցախյան խնդիրն այս պահի դրությամբ մնում է կոնսերվացված, և ծրագրված է, թե միայն այդ պայմաններում զարգանալով՝ Հայաստանը 23 տարի հետո՝ 2040թ., ուր կհասնի։

Ինչ վերաբերում է թվերին, ապա դրանք բավականաչափ իրատեսական են. տնտեսական աճի հնգապատկում՝ տարեկան 5% տնտեսական աճ, շնչի հաշվով եկամտի 15 հազար դոլար, և մնացած ցուցանիշները ևս, կարելի է ասել, էվոլյուցիոն որոշակի փոփոխություններով կարող են ապահովել։ Հիմնական ֆունդամենտալ գործոնները՝ շրջափակումը և Արցախյան խնդիրը, եթե մի պահ պատկերացնենք, որ առաջիկա տարիներին կլուծվեն, ապա Հայաստանն ունակ է կրկնակի տնտեսական աճի, այսինքն՝ միջին հաշվով տարեկան 8-12% տնտեսական աճ, շնչի հաշվով՝ եկամտի 25-30 հազար դոլար՝ 2040 թվականին, տեխնոլոգիական թռիչք՝ բարձր տեխնոլոգիական հենքի վրա։

Մոտավորապես այն սցենարը կարող է Հայաստանը կրկնել, ինչ 1960-70-ական թվականներից մինչև 1980-ականների վերջերը իրականացրել են Հարավ-Արևելյան Ասիայի նոր արդյունաբերականացած երկրները՝ Սինգապուրը, Հոնկոնգը, Հարավային Կորեան, Թաիլանդը։

Այսինքն՝ այս իրողությունների պայմաններում, նշված այդ թիրախները, որ ասվեց ԱԺ-ում, իրատեսական են։ Իհարկե, հաշվի առնելով նաև այն բանաձևը, որ պետք է լինի պրոֆեսիոնալիզմ, ազնվություն, կոռուպցիան պետք է նվազագույնին իջեցվի։ Եվ, իհարկե, դա ևս շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան հսկայական ռեսուրսներ է կլանում, տարբեր գնահատականներ կան, կոռուպցիոն շրջանառությունները մինչև ՀՆԱ-ի 10-15%-ն են հասնում, իսկ դա բավականին շոշափելի ռեզերվներ են։ Հետևաբար՝ այս պայմաններում հնարավոր կլինի այդ ցուցանիշներն իրագործել։

Հանրապետության նախագահն իր ելույթում որոշ կանխատեսումներ արեց՝ նշելով, որ 2040 թվականին պետք է ունենանք 57-60 մլրդ դոլար ՀՆԱ։ Արդյոք տնտեսագիտության մեջ ընդունվա՞ծ է 20-25 տարվա կտրվածքով կանխատեսումներ անելը՝ մանավանդ, որ այսօր տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում։

– Ընդհանրապես, տնտեսագիտական առումով երկարաժամկետ կանխատեսումներ ասված ինստիտուտը կա։ Կարելի է կանխատեսումներ անել 20-30 տարվա համար։

Շատ երկրներ այսօր ունեն մինչև 2014-2050թթ. ծրագրեր, Հայաստանն էլ 2000-ականների սկզբին մշակել էր «Հայաստան-2020» ծրագիրը, այնպես որ, սա նորություն չէ՝ 2-3 տասնամյակի կտրվածքով։ Ավելին ասեմ՝ կոնյունկտուրայի երկարաժամկետ ցիկլերի կամ Կոնդրատևյան մեծ ցիկլերի տեսություն գոյություն ունի, և զարգացած երկրներից շատերն իրենց ռազմավարությունը մշակում են՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիական ուղղությունների և նրանց հնարավոր 5-6 սերունդների հերթագայությունը։ Ելնելով դրանից՝ մշակում են երկրի զարգացման ռազմավարությունը։

Այնպես որ, դա նորմալ է, և լավ կլինի, որ ներկա կառավարությունը ոչ միայն ընթացիկ՝ հնգամյա գործունեության ծրագիր ներկայացնի, այլ նաև այդպիսի երկարաժամկետ տեսլականի որոշակի սցենարներ նախատեսի։ Այսինքն՝ սցենարային պետք է լինի։

Տեսեք՝ ես միանգամից երկու սցենար առանձնացրեցի՝ մեկը Հայաստանի հնարավոր երկարաժամկետ զարգացումը՝ արցախյան խնդրի չլուծվածության պայմաններում, իսկ մենք ունենք այդպիսի օրինակներ, ինչպես՝ Կիպրոսը, Իսրայելը, որն որդեն որերորդ տասնամյակն է՝ հավիտենական պատերազմի մեջ է իր շրջապատի պետությունների հետ, բայց զարգանում է, և ըստ էության՝ տնտեսական թռիչք է ապահովել։

Շնչի հաշվով՝ եկամուտն այդ երկրում այսօր մոտ 40 հազար դոլար է։ Այնպես որ, մեր պայմաններն էլ համանման են, և մարդկային ռեսուրսների որակը շատ բարձր է. Հայաստանը կարող է գեներացնել բարձր տեխնոլոգիաներ, տեխնիկական, ինժեներական ռեսուրսներ, մնում է միայն՝ քաղաքականությունը և քաղաքական համակարգը համարժեք լինեն։

Խոսեցիք կառավարության մասին. կառավարությունն իր ծրագրի մի շարք դրույթների համար 6-ամսյա ժամկետ էր սահմանել, օրինակ՝ մաքսային ծառայողի կերպարի ընկալման բարեփոխում, և այլն։ Ձեր գնահատմամբ՝ 6 ամսվա ծրագիրը հաջողվե՞լ է կատարել։

– Այն լուծումները, որ դրված էր՝ վարչական, ինստիտուցիոնալ բնույթի, մեծ մասամբ չափելի, կարճաժամկետ ծրագիր էր, և հիմնական, ընդհանուր գծերով, կառավարությունն այն կատարել է։ Ձեր ասած խնդիրը՝ հակակոռուպցիոն պայքարը, շատ բարդ խնդիր է, և դժվար է կարճ ժամանակամիջոցում լուծել, եթե ոչ՝ անհնար։

Կառավարությունը գրել էր իր ծրագրում անօրինական հարստացման դեմ պայքարի օրինագիծը, որը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի 20-րդ հոդվածն է։

Կառավարությունն ընդունեց այդպիսի փոփոխություններ, բայց մենք չենք տեսնում այնպիսի լուրջ օրինակներ, երբ մարդկանց պատասխանատվության կանչեն, հատկապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մեծահարուստների և այլն, որոնք հենց այդ հոդվածներով կարող էին պատասխանատվության ենթարկվել։ Սա երկար ճանապարհ է, կան, իհարկե, մոդելներ, հակակոռուպցիոն սխեմաներ՝ տարբեր երկրների օրինակով, օրինակ՝ արևմտյան, ասիական մոդելը, մասնավորապես՝ Սինգապուրի, Չինաստանի օրինակները։

Տեսնում ենք, թե Չինաստանն ինչպես է դաժանագույն մեթոդներով պայքարում այդ երևույթի դեմ։ Այնպես որ, առաջիկայում կերևա, թե որքանով են այդ հայտարարությունները կամ արձանագրություններն արտացոլվում նախ՝ երկարաժամկետ կտրվածքով՝ 5 տարվա գործունեության ծրագրում, և արդեն ավելի կոնկրետ քայլեր անելու առումով։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների նախնական ցուցանիշները։ Տնտեսական ակտիվությունն աճել է 5,7%-ով։ Ի՞նչ եք կարծում՝ աճի այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանվի՞։

– Իհարկե, դժվար է միանշանակ «այո» ասել, որովհետև տնտեսական ակտիվությունը, սովորաբար, տարվա առաջին կեսին շատ ավելի բարձր է։ Որքան այդ աճի պոտենցիալը մեծանում է, այնքան տեմպերն ընկնում են։ Բոլոր դեպքերում, տնտեսական աճի 3-3.5% հնարավորությունը ես համարում եմ նվազագույն այն ցուցանիշը, որին կարող է հասնել մեր տնտեսությունը։ Ինչ վերաբերում է ավելիին, այո՛, հնարավոր է նաև ավելին լինի՝ կախված նրանից, թե ինչպիսին կլինի մեր գործընկեր շուկաներում իրավիճակը, մասնավորապես՝ ՌԴ-ում. այնտեղ միտում կա լճացումից դուրս գալ և թեկուզ փոքր, բայց տնտեսական աճ գրանցել, որովհետև նավթի գների դրական դինամիկա ենք տեսնում, և դա երևում է նաև մասնավոր տրանսֆերտների հոսքից դեպի Հայաստան, որտեղ աճ կա։

Մյուս գործոնը պայմանավորված է մեր հարկային ոլորտի դրական հարկագանձման ոլորտի զարգացումներով։ Մենք տեսնում ենք առաջին 4 ամիսներին հարկային եկամուտների 10%-ի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ դա նշանակում է՝ լրացուցիչ պետական բյուջեի ծախսային հնարավորություններ, ինչը տնտեսական աճի գործոններից է։ Եվ նաև դրական գործոններից մեկը համեմատաբար կայուն քաղաքական իրավիճակն է, և այն, որ որոշակի ռեսուրս ունի այս կառավարությունը։ Մնում է, որ նորմալ թիմ ձևավորվի և ակտիվ, եռանդուն գործողություններ իրականացնի այդ ծրագրերն իրագործելու ուղղությամբ։

Կառավարությունը նաև խոստանում է ՀՆԱ-ի մեջ արտահանման կշիռն աստիճանաբար մեծացնել և 5 տարվա ընթացքում հասցնել մինչև 40-45%-ի։ Նույն դրույթը նաև նախագահի ելույթում կար։ Ունե՞նք մենք արտահանման այդպիսի պոտենցիալ։ Ի՞նչ պետք է արտահանենք՝ մետաղներից ու սննդամթերքից բացի։

– Ընդհանրապես, ներկայիս արտահանման ներուժը ՀՆԱ-ի մեջ մաքսիմում 2 միլիարդի է հավասար, դա՝ 20-25%-ի սահմաններում է տարբեր տարիներին, ինչը նշանակում է, որ առնվազն պետք է կրկնապատկվի։ Մետաղներն ու գյուղատնտեսական մթերքը շատ մեծ ծավալներով արտահանելը բարդ է, որովհետև մրցակցությունը մեծ է այն շուկաներում, որտեղ դրանք արտահանվում են։ Բացի այդ, միանշանակորեն ասել, որ գները վերընթաց են լինելու, և կարելի է դրական այդպիսի կանխատեսումներ անել, հատկապես՝ արդյունահանվող և արտահանվող հումքի գծով, իհարկե, ռեալ չէ։

Հետևաբար՝ մնում են, և ես ենթադրում եմ, որ այդպիսի ծրագրեր են լինելու, ինովացիոն բնույթի, բարձր տեխնոլոգիական արտադրություններն ու արտադրանքները, որոնք կայուն արտահանումներ կապահովեն։ Այսինքն՝ այնպիսի ապրանքներ, որոնք ոչ միայն ծավալային արտահանումներ կարող են ապահովել, այլև ԱԱՀ-ի մեծ մասնաբաժին կպարունակեն, և՛ եկամուտներ կբերեն և՛ արտադրողներին, արտահանողներին, և՛ բյուջեին, և՛ այդ ընկերություններում աշխատողներին։ Սա լուրջ ջանքեր և ճիգեր է պահանջելու. և՛ կառուցվածքային քաղաքականության մեջ փոփոխություններ, և՛ դրամավարկային, և՛ ինովացիոն քաղաքականության նոր վեկտոր է պահանջում։ Սա նոր բան չէ, նույն Իսրայելի պետության մոդելը, զարգացումը, իսկ այդ երկրի արտահանումների մեջ, այո՛, կեսից ավելին բարձր տեխնոլոգիական արտադրանքն է։

Այնպես որ, այդ մոդելը մեզ համար էլ կարող է ընդօրինակելի լինել։ Ինչո՞ւ, որովհետև ես ասացի՝ Հայաստանն ունի ներուժ՝ զարգացնելու բարձր տեխնոլոգիաները և բարձր տեխնոլոգիական արտադրությունները. ճանապարհը սա է։ Քաղաքականությունը պետք է լինի այդպիսին, քաղաքական էլիտաները պետք է լինեն նորարարամետ և պրոգրեսիվ մտածողությամբ։

Տարվա առաջին 5 ամիսներն արդեն գրեթե անցան։ Այս տարի խոստացված 840 մլն դոլարի ներդրումների մի փոքր մասն է դեռ կատարվել։ Իրատեսական համարո՞ւմ եք 840 մլն դոլարի ներդրումն այս տարի։

– Այդ թվերը որոշակիորեն ուրվագծվել են նախընտրական շրջանում, և դրանք, բնական է՝ մի մասը խոստումներ էին։ Ինչ վերաբերում է կոնկրետ վիճակագրությանը և առաջիկա ժամկետներին, իհարկե, կարելի է առնվազն այդ գումարի 60-70%-ն իրատեսական համարել, եթե այն պայմանները, որոնք դրված էին ներդրումային սակարկությունների կամ բանակցությունների հիմքում, պահպանվեն և ապահովվեն։ Կառավարությունն իր կողմից, այսպես ասած, բարենպաստ միջավայր ձևավորի՝ ներդրումային, հատկապես՝ հարկային և հարկագանձման քաղաքականության մասով, դրամավարկային քաղաքականության զարգացումները լինեն բարենպաստ, նկատի ունեմ՝ այն թուլացումը դրամավարկային քաղաքականության, դրամի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման և դրան համընթաց՝ նաև վարկային տոկոսադրույքների իջեցման առումով։ Այսինքն՝ բարենպաստ վարկային միջավայրի, և, իհարկե, բիզնեսի նախաձեռնությունները պետք է լինեն համարժեք և հետևողական։

Դրան գումարած՝ կարող է այդտեղ որոշակի ռիսկեր լինեն՝ կապված նշածս շուկաների հետ, որտեղից հիմնական ներդրումները սպասվում են, հատկապես՝ Ռուսաստան և արևմտյան որոշ երկրներ։ Այդ ներդրումները կարող են մի զգալի մասով իրականություն դառնալ։ Իսկ ընդհանուր առմամբ, ներդրումային մեր այն սեգմենտի հիմնական խնդիրները, որոնք կապված են օֆշորային գոտիների հետ, թափանցիկության հետ, բիզնես վարելու դյուրինության հետ, մնում են, և դրանք պետք է լուծի այս նոր ձևավորվելիք կաբինետը, այլապես ներդրումների շատ բարձր դինամիկա մենք չենք ունենա։

Տեսանյութեր

Լրահոս