«Սադրիչ գործողություններով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել և սլաքն ուղղել դեպի Հայաստան»
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը
– Պարոն Բաղդասարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո Ադրբեջանը կարծես չի զսպվել, խոսվում է լայնածավալ գործողությունների հնարավորության մասին։ Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք։
– Անկեղծ ասած, մենք, այդ թվում՝ ես, բազմիցս նման հայտարարություն արել ենք, որ նրանք իրենց սեփական հանրության ուշադրությունը շեղելու համար հաճախակի լարվածություն են ստեղծում սահմանի վրա, որովհետև իրենք ունեն լուրջ ներքին խնդիրներ։ Վերջապես, մեր այն պնդումները, որ պետք է հասցեական գնահատականեր լինեն, սա Մինսկի խմբի կողմից առաջին դիպուկ քայլն էր։ Եվ ինձ թվում է, որ ինչքան այնտեղ լարվի ներքաղաքական իրավիճակը, այնքան սահմանին նրանց ակտիվությունը կավելանա, որովհետև նրանց միակ հաղթաթուղթը սեփական խնդիրները կարգավորելու համար, թեկուզ սեփական զոհերի գնով, թեկուզ երիտասարդներին սահման տանելով և զոհելով՝ ցանկանում են ուշադրությունը շեղել։
Ես բազմիցս նշել եմ, որ անկանխատեսելի է մեր թշնամին, և վտանգավոր է նման թշնամի ունենալը, որովհետև նրանք ոչ մի կանոնակարգի, ոչ մի պայմանավորվածության, ոչ մի պայմանագրի չեն ենթարկվում, և նրանց քայլերն անկանխատեսելի են։
– Սեփական տարածքն են անգամ արկակոծել։ Դրա նպատակը ո՞րն էր։
– Նման սադրիչ գործողություններով ցանկանում են միջազգային հանրությանն ապակողմնորոշել և սլաքն ուղղել դեպի Հայաստան։ Դա արդեն նոր մարտավարություն է, և իրենք իրենց սեփական սահմանները, իրենց վերհսկողության տակ գնվող տարածքները գնդակոծելով և նկարահանելով՝ չեն մտածել, որ այդ նկարահանման հնարավորությունը կա նաև մեր կողմից և նաև միջազգային կառույցների կողմից։ Նրանք այդպես ցանկացել են տպավորություն ստեղծել միջազգային հանրության մոտ և նաև, ինչո՞ւ ոչ, իրենց հանրության մեջ, որպեսզի կարողանան կրքերն ավելի բորբոքել և կարողանան իրենց ներքաղաքական իրավիճակից առավելագույնս շեղել ուշադրությունը։ Դա պարզապես սադրանք էր։
– Ռուս որոշ վերլուծաբաններ գտնում են, որ հայկական կողմն ապրիլյան պատերազմից հետո դիրքերը զիջել է, քանի որ Ղարաբաղն այդպես էլ բանակցային կողմ չի դարձել։ Ի՞նչն է խնդիրը, որ ԼՂՀ-ն մինչ օրս չի վերադարձել բանակցային սեղանի շուրջ։
– Դրա միակ պատճառը նրանց պայմանավորվածությունների խախտումն է։ Եթե մենք մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, 1994-ին կնքվեց Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի առաջին պայմանավորվածության փաստաթուղթը, որն այժմ կարծես մոռացվել է, և այդ սկլերոզատիպ վերաբերմունքը հենց իրենց անցյալի, Իլհամ Ալիևի հոր նկատմամբ, որ Իլհամը ժխտում է, թե նման երևույթ ինքը չի հիշում, բնականաբար, խանգարող միակ հանգամանքն Ադրբեջանն է՝ Թուրքիայի դրդմամբ։ Իսկ մեր պնդումն այն է, նաև միջազգային կառույցներն են այդ կարծիքին, որ հարցի հիմնական լուծումը, որոշումը պետք է կայացնի Ղարաբաղի ժողովուրդը, և Ղարաբաղի իշխանությունը մասնակից լինի այդ բոլոր բանակցություններին։
– ՀՀԿ պաշտոնյաները պնդում էին, որ Ղարաբաղի մասնակցության հարցը բարձրացվելու է, բայց որտե՞ղ է բարձրացվել, ինչո՞ւ արձագանք չկա միջազգային հանրության կողմից։ Բնական է, որ Ադրբեջանը չի համաձայնի դրան, բայց, ի վերջո, հայկական կողմն ի՞նչ է անելու։
– Մենք ԵԽ ԽՎ-ում և այլ ցանկացած միջազգային ամբիոններում մեր այցերի և ՄԽ հանդիպումների ժամանակ, նաև ԱԳՆ-ն է լծված այդ գործին, պետք է բարձրաձայնենք, մեր ճշմարտությունը պաշտպանենք և հասնենք մեր հիմնական նպատակին՝ Ղարաբաղը վերադառնում է բանակցային սեղան, և առաջնահերթ հարցը կարգավիճակի հարցն է՝ կլինի հանրաքվեի՞, թե՞ որևէ այլ մեխանիզմով, պետք է ունենանք Ղարաբաղի ինքնուրույնության, անկախության ճանաչման հարցը։
– Բայց անցած մեկ տարում այդ հարցը բարձրացվե՞լ է Մոսկվայում և այլուր։
– Տարբեր առանձնազրույցներում և տարբեր բանակցությունների ժամանակ։ Այդ բանակցությունները գնում են, մենք կտրական մերժում որևէ մեկից չենք ստացել։ Միայն, եթե դուք ադրբեջանական մամուլին հետևեք, նրանք հրապարակային հանդիպումների ժամանակ աշխատում են խուսափել այդ հարցի պատասխանից, որովհետև նրանք ասում են մի բան, պայմանավորվում են մի բան և անում են հակառակը։ Եվ որևէ անգամ չեն պատճառաբանում, թե ինչո՞ւ Ղարաբաղի իշխանությունը բանակցային սեղան չվերադառնա։