Ս. Հակոբի ապտակը: Ներքին Դվին գյուղի հինավուրց եկեղեցին այսօր նորից շտկում է իր խոնարհված գլուխը
Խորհրդային Միությունն իր 70-ամյա պատմության ընթացքում խոր հետք է թողել 15 հանրապետությունների բնակչության մտածողության, կրոնական հայացքների և հոգեբանության վրա: Այդ հետքն անջնջելի է հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու համար: 1937թ. վերջին Հայաստանում արդեն փակված էր 800 եկեղեցի: Բռնությունների զոհ դարձան շատ հոգևորականներ. նրանցից 91-ը գնդակահարվեցին: Իսկ 1938թ. ապրիլին Էջմիածնում խեղդամահ եղավ Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը: Այս անօրեն վիճակը չէր կարող չանդրադառնալ գյուղի հինավուրց՝ Ս. Հակոբ եկեղեցու վրա:
Արդեն 1930-ական թվականներին եկեղեցին փակվել և վերածվել էր պահեստի: Հենց այս պահեստապետն էր գյուղի երիտասարդներից մեկը` Վանուշը՝ տատիկիս պապը: Երկար տարիներ անօրեն իշխանությունների կողմից խրախուսվելով` նա աստիճանաբար քանդել և ավերել էր սրբությունը, և դժվար թե եկեղեցին այժմ լիներ, եթե…
Հերթական սրբապիղծ արարքը կատարելու պահին կնոջ` Ոսկեպատի բերանով կարծես Աստված է բարկանում նրա վրա և սաստում` ասելով.
– Մի՛ պղծիր Աստծո սուրբ տունը, հանիր պահեստը եկեղեցուց և տեղափոխիր այլ վայր:
Սակայն խորհրդային գաղափարներով դաստիարակված պահեստապետը հեգնանքով պատասխանում է կնոջը և ասում.
-Ինչ Աստված, Աստված չկա:
Եվ ահա հենց նույն գիշերը քնած ժամանակ պահեստապետ Վանուշի երազում երևում է ինքը` Ս. Հակոբ Մծբնեցի Հայրապետը, ու այնպիսի ապտակ է հասցնում ձախ այտին, որ պահեստապետը երեք օր շարունակ չի ուտում, չի խմում: Իսկ երբ սկսում է խոսել, ձախ ականջն այդպես էլ խուլ է մնում:
Տատս պատմում է, որ մինչև կյանքի վերջն էլ իր պապի ձախ ականջը չէր լսում:
Վարդան ԳԵՂԱՄՅԱՆ
«Հայորդի» լրագրողական ակումբ