Ինչու են արտասահմանում ՀՀ բանկերի քարտերով գործարքներն ավելացել
Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում իրականացված ընդհանուր գործարքների ավելացումը տնտեսագետները կապում են արտագնա զբոսաշրջության զարգացման հետ, իսկ անկանխիկ գործարքների ավելացումը` քարտերով վճարում կատարելու մշակույթի ձևավորման:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների 2017 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում իրականացվել է 208 հազար 642 գործառնություն, փետրվարին դրանց քանակը կազմել էր 177 հազար 365, իսկ 2016 թվականին մարտին` 173 հազար 742: Մեկ ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում իրականացված գործառնությունների քանակն ավելացել է 31 հազար 277-ով: Նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 34 հազար 900: Միևնույն ժամանակ դրանց ծավալը մարտին կազմել է 6 մլրդ 823 մլն ՀՀ դրամ, փետրվարին` 5 մլրդ 602 մլն, իսկ 2016-ի մարտին` 6 մլրդ 4 մլն դրամ: Մեկ ամսում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում իրականացված գործառնություննեի ծավալն ավելացել է 1 մլրդ 221 մլն դրամով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 819 մլ ն դրամով:
Տնտեսագետ Արամ Կայֆաջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում գործառնությունների ավելացումը կապեց արտագնա զբոսաշրջության զարգացման հետ: «Արտասահմանում ՀՀ բանկային քարտերից օգտվում են կամ զբոսաշրջիկները, կամ գործարարները, չեմ կարծում, որ մեծ ծախսումները կատարվում են դրանց միջոցով: Եթե մարդիկ արտասահմանում գնում են ինչ-որ գույք կամ սկսում են գործունեություն ծավալել, ապա սովորաբար դրանք չեն կատարվում քարտերով»,-ասաց Կայֆաջյանը և հավելեց, որ հաշվի առնելով Հայաստանի որոշակի տնտեսական ակտիվացումը` աշխուժացել է նաև արտագնա զբոսաշրջությունը, ինչը կարող է արտասահմանում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով կատարվող գործառնությունների ընդհանուր ծավալի ու քանակի ավելացման պատճառ լինել:
Մարտին կանխիկացման ծավալը կազմել է 1 մլրդ 444 մլն դրամ, իսկ քանակը` 14 հազար 162: Փետրվարի համեմատ այն ավելացել է 44-ով և 179 մլն դրամով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` ծավալը նվազել է 76 մլն դրամով, իսկ քանակը` 4 հազար 452-ով: Մարտին ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում իրականացված անկանխիկ գործառնությունների քանակը կազմում էր 194 հազար 480-ը, իսկ ծավալը` 5 մլրդ 380 մլն դրամ. 2016 թվականի մարտի համեմատ անկանխիկ գործառնությունների քանակը ավելացել է 39 հազար 352-ով:
Անկանխիկ գործառնությունների քանակը մարտին փետրվարի համեմատ ավելացել է 31 հազար 233-ով, իսկ ծավալը` 1 մլրդ 43 մլն դրամով: Այսինքն՝ ավելի քիչ կանխիկացրել են և ավելի շատ գործառնություններ կատարել են քարտով:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կանխիկ գործարքների նվազումը կապում է արտասահմանում ՀՀ քաղաքացիների կողմից անկանխիկ գործարքներ կատարելու մշակույթի ձևավորման հետ:
«Հայկական քարտերն օգտագործվում են անկանխիկ գործարքների համար, ոչ միայն բանկային, այլ նաև տարբեր խանութներում, առևտրային հաստատություններում վճարումներն իրականացնելով այդ քարտերով, որը դառնում է ավելի մասսայական և հնարավորություն է ընձեռում անկանխիկ գումարով արտերկիր մեկնել: Մյուս կողմից այն դառնում է որոշակի մշակույթ մեր քաղաքացիների մոտ»,- ասաց Մանասերյանը: