«Ադրբեջանն այսօր չի գնա որևէ զիջման, և մոտակա ժամանակներում Արցախի հարցի լուծում չկա». Վաղարշակ Հարությունյան
ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ադրբեջանը խուսափում է Արցախի՝ բանակցային կողմ դառնալուց, քանի որ համարում է՝ եթե նրա հետ նստի բանակցային սեղանի շուրջ, ապա ճանաչում է Արցախի Հանրապետությունը. «Նա դա համարում է քայլ դեպի ճանաչում, բայց իր մոտ դա չի հաջողվում, որովհետև կան փաստաթղթեր, որոնք ստորագրել է Արցախը։ Այսօր Արցախը բանակցությունների մասնակից է, և, եթե դուք ուշադիր հետևում եք, ապա համանախագահները միշտ հանդիպում են նաև Արցախի նախագահի հետ։ Միայն մի խնդիր կա, որ լիարժեք չէ մասնակցությունը. Արցախը չի մասնակցել եռակողմ հանդիպմանը, մեր նպատակը դրան հասնելն է»։
Պատասխանելով լրագրողների՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրի վերաբերյալ հարցին, նա ասաց, որ հակամարտությունը նշանակում է, որ մասնակցում են մի քանի կողմ, և ըստ նրա՝ եթե մի բան ասում ենք, ապա պետք է հաշվի առնենք հակառակորդի գործողությունները. «Եթե մենք այն ժամանակ համաձայնեցինք զինադադարի, Ադրբեջանը ստորագրեց ու դրանից հետո հրաժարվեց, և, եթե Ադրբեջանը որևէ զիջման պատրաստ չէ գնալ, մենք ո՞նց կարող ենք իրենց առաջարկել՝ լուծել այս հարցը»։
Ապա մեջբերեց 2016թ. դեկտեմբերի 4-ի Ալիևի ելույթից մի հատված, որտեղ նա ասել է, թե Ղարաբաղն իրենցն է, բացի դրանից, Ալիևի խոսքով՝ իրենց տարածքներն են Երևանը, Մեղրին և Գորիսը. «Հիմա եկեք՝ օբյեկտիվ գնահատենք՝ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել կարգավիճակի դիմաց տարածքներ զիջել, Ադրբեջանն ի՞նչ զիջումների է պատրաստ։ Ալիևի հայտարարությունն է իր զիջումը։ Այնպես որ, ամեն ինչի համար պետք է լինեն նախապայմաններ։ Ադրբեջանն այսօր չի գնա որևէ զիջման, և մոտակա ժամանակներում Արցախի հարցի լուծում չկա»։
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, թե Գյումրու ռազմաբազան կարող է օգտագործվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար, նա հետևյալն ասաց. «Ինչ որ ասել է Լավրովը, ասել է այն շրջանակներում, ինչ գրված է բազայի ֆունկցիաներում։ Իսկ բազայի ֆունկցիան հետևյալն է. Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում այն գործում է։ Եվ բազային պայմանագրի 24-րդ կետում գրված է, որ բազան չի կարող օգտագործվել այլ նպատակների համար, բացի այն, ինչ նշված է այդ բազային պայմանագրում։ Երկրորդ պայմանագիրը Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրն է, որի 4-րդ կետում նշված է, որ ՀԱՊԿ-ը միջամտում է այն դեպքում, եթե ագրեսիա է գործում Հայաստանի դեմ, և, երբ Հայաստանը դիմի։ Չկա որևէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի, որ մի կողմը կարող է միակողմանի օգտագործել բազա»։
Հետևաբար, նրա խոսքով՝ Լավրովը դա ասել է այն առումով, որ՝ եթե լինի հարձակում Հայաստանի վրա. «Այո, եթե ԻԼԻՊ-ի կողմից հարձակում լինի Հայաստանի վրա, ապա ռուսակական ռազմաբազան կմասնակցի և կօգտագործի բոլոր իր ուժերը»։