Բաժիններ՝

«Մայիս-վայիս» կապ չունի. Ինչու չեն ամուսնանում մայիս ամսին

Ասում են՝ մայիսին չի կարելի ամուսնանալ. մայիսը «վայիս» է: Իսկ ո՞վ է ասողը: Ժողովուրդն ասում է՝ պապական խոսք է. «մեծերը որ մի բան ասում են, գիտեն էլի», իսկ Հայ Առաքելական եկեղեցու տեսակետն այս հարցի շուրջ միանգամայն այլ է:

«Մայիս ամիսը, ըստ եկեղեցական կանոնների, չի համարվում պսակադրության համար արգելված ամիս, թեև մեր ժողովրդի մեջ տարածում է գտել այն սնահավատությունը, որ այս ամսին ամուսնացողները կդժբախտանան: Մայիսը ժողովուրդը համարում է հարսանիքների համար անբարենպաստ ժամանակաշրջան՝ կոչելով այն «մայիս-վայիս», թեև այս բացատրության հետ կապված՝ չունենք որևէ գրավոր տեղեկություն, այն զուտ ժողովրդական սնահավատության արդյունք է, իսկ որևէ սնահավատություն անջրպետ է առաջացնում հավատացյալի և եկեղեցու միջև: Սնահավատության այս երևույթն առաջ է եկել խորհրդային շրջանից, վերցվել է ռուսական միջավայրից»,- ասաց Զորավար Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը:

Բուհերի և երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչո՞ւ է հասարակության շրջանում արմատացել այս կարծիքը.

«Առաջներում պսակի որոշ արգելված օրեր են եղել.  Զատիկից հետո 50 օր, ինչպես նաև չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Հայ եկեղեցին պսակադրության արարողություն չի կատարել: Եվ քանի որ մայիսը հիմնականում համընկել է այդ ժամանակահատվածի հետ, մայիսին հարսանիքներ չեն արվել: Հիմա այդ օրենքը չի գործում, մենք անում ենք, բայց դե, ժողովրդի մոտ արմատացած է այդ տեսակետը: Ես կարծում եմ՝ սա պայմանավորված է նրանով, որ մայիսը բերք ու բարիքի շրջան չէ, աղքատիկ շրջան է, նյութական պաշարները քիչ են, ժողովուրդն էլ մայիսին «վայիս» է ասում երևի այդ պատճառով»:

Կարդացեք նաև

Եկեղեցու տեսակետն իմանալուց հետո տեսնենք, թե ինչ կարծիքի է ժողովուրդը: 168.am-ի կատարած հարցման արդյունքում ստացանք հետևյալ պատկերը։
Երիտասարդները մեծամասամբ չգիտեին «մայիս-վայիսի» մասին, իմանալուց հետո էլ տալիս էին այսպիսի պատասխան. «Չգիտեինք, մերսի, որ ասացիք: Մայիսին չենք ամուսնանա»:

40-անց մարդկանց մոտ կարծիքները կիսվում էին երկու մասի՝ մի մասը գտնում էր, որ սնահավատություն է, բայց, այնուամենայնիվ, չէին ամուսնանա այդ ամսին. «Տարիներ շարունակ էնքան են ասել՝ «մայիս-վայիս», արդեն մտել է մարդու գլուխը՝ անգամ ենթագիտակցության մեջ, փոխել է մտածողությունն ու վարքը: Չեմ հավատում, բայց դե չէի ամուսնանա»:

Իսկ մյուս մասն էլ կարծում էր, որ պետք չէ կենտրոնանալ դրա վրա, քանի որ «Если есть любовь, все остальное ерунда»։

Երևանի հարսանյաց սրահներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մայիսին ամուսնացողների թիվը շատացել է, որովհետև եկեղեցին ընդունում է: Մնացած տարիների համեմատ՝ մայիսին ամուսնացողների թիվն աճում է:

Իսկ հիմա ներկայացնենք հարցման ժամանակ կեսկատակ-կեսլուրջ հնչած պատասխաններից մի քանիսը.

«Սնահավատություն ա: Եղբայրս ամուսնացել է մայիսին, մինչև հիմա հըլը  որ երջանիկ ապրում ա: Էս ինչի՞ եք հարցնում, որոշել եք ամուսնանա՞լ»:

«Երջանկությունը մնում է երջանկություն, մայիս-վայիս կապ չունի: Մարդ կա՝ կարող է նոյեմբերին ամուսնանալ ու դժբախտ լինել»,- ասաց մեր մյուս զրուցակիցը:

60-անց ամուսիններ՝ տղամարդ. «Վատ է, չամուսնանաք: Դեպքեր գիտեմ, որ դժբախտ պատահարներ են եղել»:

Կին. «Նորմալ է, աղջիկներ ջան, ես շատ երջանիկների գիտեմ: Դուք մենակ ամուսնացեք»:

«Եթե սերը կա, ամեն ինչ նորմալ է լինում. ուզում է՝ մայիս լինի, ուզում է՝ հունիս լինի: Если есть любовь, все остальное ерунда»,- ասաց մեկ ուրիշը:

«Նորմալ եմ վերաբերվում, որովհետև եկեղեցին թույլատրում է: Ավելի շատ աստվածավախ եմ, եթե եկեղեցին ընդունում է, ուրեմն ես էլ եմ ընդունում»,- նշեց մեր հարցման մեկ այլ մասնակից:

«Չի կարելի: Դա միշտ դժբախտություններ է բերում, ես երեք հոգու ճանաչում եմ:  Մեկն  ավտովթարի է ենթարկվել ընկերուհու հետ, ընկերուհին մահացել է, մեկը մինչև այսօր երեխա չունի, մյուսն էլ երեք ամիս հետո բաժանվել է: Երբեք մայիսին չէի ամուսնանա»,- կտրուկ պատասխանեց մեկ ուրիշ զրուցակից:

«Մայիսին չեն ամուսնանում: Ես էլ աղջկաս ապրիլի 27-ին եմ ամուսնացրել, որ մայիսին չամուսնանա: Մի 15 օր ա մնացել, էլի, համբերե´ք, հունիսին կամուսնանաք»,- խորհուրդ տվեց մի կին:

Դե՛, իսկ վերջում ներկայացնենք Զորավար Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանի հորդորն ամուսնացող զույգերին.

«Կարևոր է արտաքին երևույթներին տեղիք չտալը, քանի որ ամիսը, ամսաթիվը Աստծու կողմից ստեղծված են, որ մարդուն ծառայեն, և ոչ՝ հակառակը: Այս կարծրատիպերը չեն կարող որևէ նշանակություն ունենալ նոր կազմավորվող ընտանիքի համար: Կարևորը սերն է և Աստծո օրհնությունը, որ ստանում են ամուսնացողները եկեղեցում»:

Անի Թորոսյան
Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս