«Երևանի ավագանու ընտրությունների բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ». Տիգրան Մուկուչյան

Երևանի ավագանու ընտրությունների համար բացված բոլոր 474 տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են: Մայիսի 14­-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Սահմանված կարգով առավոտյան ժամը 8­ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են»,­- նշեց Մուկուչյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են երկու կուսակցություն՝ ՀՀԿ­-ն և «Երկիր ծիրանի»­ն և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Ելք»­ը: «Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ավագանու 308 թեկնածու, որից 98-­ը կին է»,­- հայտնեց Մուկուչյանը:

Նա նաև հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում տեղական 17 կազմակերպություն՝ 5 հազարից ավելի դիտորդներով, և մեկ միջազգային կազմակերպություն 10 դիտորդներով:

Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ­ում հավատարմագրվել է 32 տեղական և երեք միջազգային լրատվամիջոց: Ընդհանուր առմամբ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 476 լրագրող:

Տեսանյութեր

Լրահոս