400 հազար դոլարից 260 հազարն արդեն ծախսվել է. Ո՞ւր է հասել Հայաստանի բրենդավորման գործընթացը
2012 թվականին մեկնարկեց Հայաստանի բրենդավորման գործընթացը: Գաղափարի հեղինակը Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամն էր։ 2014 թ. փետրվարին ամերիկյան GK Brand ընկերության հետ ստորագրվեց պայմանագիր` Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ։ Այսինքն` պետք է մշակվեր կարգախոս և լոգո, որով Հայաստանը պետք է ներկայանա աշխարհին։ Եվ այս ամենի համար կառավարության և դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվեց 400 հազար դոլար: Անցած տարի հուլիսին ներկայացվեց քառագույնով` ՀՀ դրոշի եռագույնով և նռան գույնով, հավերժության նշանի և ծաղկի խառնուրդ հիշեցնող պատկերը` որպես ազգային բրենդ, ինչպես նաև կարգախոսը` «Պատմությունը նոր է սկսվում»:
Այն ըստ էության չընդունվեց հայաստանցիների կողմից: Զարմանալիորեն` հանրության հետ համաձայն էին նաև պաշտոնյաները, որոնք շտապեցին վստահեցնել, թե կառավարությունը չի կարող որպես ազգային ընդունել մի բրենդ՝ առանց հանրության կարծիքը նկատի առնելու:
Դրանից հետո ազգային բրենդի ընդունելի տարբերակ գտնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչություններ, այդ թվում` Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը քննարկում է եղած հետազոտության արդյունքները, ուսումնասիրում է սցենարները, ընթացքը, հնարավոր է՝ որոշակի նոր սցենարներ դիտարկվեն:
«Այսինքն` առաջարկությունների հիման վրա դիտարկում ենք ընդհանուր սցենարները, կփորձենք նաև ներգրավել տարբեր շահագրգիռ կողմերի, ու արդյունքում՝ կունենանք հանձնաժողովի համար ընդունելի մի քանի սցենարներ: Համատեղ սցենարները լինելու են հիմքը, ևս մի անգամ հանրության, շահագրգիռ կազմակերպությունների հետ կքննարկենք և, ենթադրում եմ՝ դրանից հետո կավարտենք աշխատանքները: Այս փուլում դժվարանում են ժամկետներ նշել, բայց հաստատ մի քանի ամսվա աշխատանք ունենք»,- ասաց Հ.Ազիզյանը:
Նա նշեց, որ 400 հազար դոլարն ամբողջությամբ դեռ չի հատկացվել, երբ աշխատանքները կավարտվեն, արդյունքն ընդունելի կլինի, այն ժամանակ ամբողջը կվճարվի: Այս պահի դրությամբ ծախսվել է մոտ 260 հազար դոլար: Հ.Ազիզյանի կարծիքով` մնացած գումարը բավարար կլինի աշխատանքներն ավարտելու համար:
«Բավականին լուրջ հարց է, որ կարևոր է երկրի համար ոչ միայն զբոսաշրջության տեսակետից, այլև ներդրումների: Այսինքն` նախատեսվելու են տարբեր բրենդինգներ, որոնք հնարավոր է՝ առանձին և՛ ներդրումային տեսանկյունից բենդն ու կարգախոսը համապատասխան լինեն, և՛ զբոսաշրջության, և այլ»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա` հավերժության ծաղկի պատկերը բրենդի տարբերակներից մեկն է: GK Brand ընկերությունը մոտ 7-8 տարբեր տարբերակներ է առաջարկել. «Առաջարկված տարբերակների մեջ պետք է փորձենք հասկանալ՝ որն է հիմնական ուղղվածությունը, որը կլինի վերջնական տեսակետը: Այսինքն` առաջին փուլով աշխատանքները կընդունենք, կդնենք հանրության քննարկմանը և արդյունքում դուրս կգանք վերջնական տարբերակին»,- նշեց նա: