«Ոչինչ չի փոխվելու. Կառավարությունները մեկը մեկի իրավահաջորդն են»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո քաղաքական դաշտում չեն դադարում ակտիվ քննարկումներն ու վերլուծությունները, թե ինչ ճակատագիր է սպասվում գործող նորացված կառավարությանը 2018 -ին:
Այս հարցը կարևոր է ոչ միայն նրանով, թե ով է դառնալու նոր՝ գերլիազորություններով օժտված վարչապետը, այլև այն տեսանկյունից, թե ինչ ճակատագիր կունենան այս՝ հերթական կառավարության երկարաժամկետ ծրագրերը, այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ կհասցնի իրականացնել գործող կառավարությունը:
Տնտեսագետ Վահանգն Խաչատրյանի կարծիքով՝ որևէ նշանակություն չունի՝ մեկ տարի՞ են աշխատելու, թե՞ ավելի երկար, որովհետև ոչինչ չի փոխվելու. «Մեր կառավարությունը, ընդհանրապես, որևէ ռազմավարական նպատակ չունի, իշխանությունը ոչինչ չի ուզում ունենալ հեռանկարում, այդ պայմաններում կառավարությունը մեկ տարի՞ կաշխատի, թե՞ ավելի երկար, ոչինչ չի փոխվի։ Եթե անգամ մի քանի տարվա ժամկետ ունենային, որևէ բան չէր փոխվելու, որովհետև այդպիսի խնդիր դրված չէ կառավարության առջև։
Վերջին տարիները նայեք՝ այն, ինչ խոստացել են, որևէ ձևով չեն իրականացրել։ Հեռու մի գնացեք, վերցրեք վերջին տասը տարվա կառավարությունների, իշխանությունների գործունեությունը. ընդամենը օրվա ապրելու խնդիր են լուծում։ Քաղաքացիների վիճակը չի փոխվում, դրա համար էլ 10 հազար դրամները դառնում են շատ կարևոր»։
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը մեր հարցը համարեց ոչ կոռեկտ՝ նշելով, որ կառավարությունը 5 տարվա գործունեության ծրագիր է ներկայացնում, ոչ թե կարճաժամկետ, և ըստ նրա՝ գործող կառավարությունը կարող է փոխվել, կարող է չփոխվել։
Նույն կուսակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ կառավարության կազմում ով էլ լինի՝ լուծելու է խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի, այս դեպքում՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի իրականացման խնդիրը.
«Իսկ այդ ծրագիրը մեկ տարվա չէ, այն հնգամյա է, հետևաբար՝ ով էլ ուզում է լինի կառավարությունը, երբ և ինչ կազմով էլ ձևավորվի, ըստ էության մեկ խնդիր պետք է լուծի՝ ՀՀԿ նախընտրական խոստումների իրականացում։ Սա է մոտեցումը, և այդ կոնտեքստում՝ անկախ նրանից, թե որ նախարարը՝ որքան կաշխատի, որևէ բան դրանից չի փոխվում։ Առաջիկայում խորհրդարանում սպասվում է կառավարության գործունեության ծրագրի քննարկում, և կառավարությունը պետք է ներկայացնի ընտրություններում հաղթած, քաղաքական մեծամասնություն ձևավորած ուժի նախընտրական խոստումների իրականացման ծրագիրը, որը պետք է նախատեսված լինի հնգամյա կտրվածքով»։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ վարչապետը չի փոխվի, այլ կփոխվեն որոշ նախարարներ, բայց, ըստ նրա՝ անկախ ամեն ինչից՝ կառավարությունները մեկը մեկի իրավահաջորդն են.
«Ծրագրերը, որոնք կառավարություններն ընդունում են, թեկուզ՝ պետական բյուջեի շրջանակում, կամ այլ ծրագրեր, դրանք ունեն որոշակի շարունակականություն։ Մանավանդ Հայաստանի կառավարությունը վավերացրել է տարբեր հայեցակարգեր, որոնք վերաբերում են, օրինակ՝ աղքատության կրճատմանը, գործազրկության նվազեցմանը կամ այլ խնդիրներին, որոնց ժամկետները հասնում են մինչև 2025թ.։ Հետևաբար, եթե այս կառավարությունը փոխվի էլ, այն դրել է հիմքեր, որոնք նոր կառավարությունը կշարունակի։ Ուղղակի այստեղ ավելի կարևոր է անձի խնդիրը. եթե կառավարության ղեկավարը հանկարծ փոխվի, և լինի այնպիսի անձ, որ այդ համարձակությունները կամ անկողմնակալությունը չդրսևորի, կարող են շեղվել ճանապարհից։
Բայց ես հուսով եմ, որ վարչապետը նույնը կմնա, և 1.5 տարվա ընթացքում Հայաստանը կունենա շատ ակտիվ աշխատող կառավարություն, որն էական փոփոխություններ կառաջացնի»։
Նա նաև նշեց, որ Հայաստանն ունի նաև միջազգային պարտավորություններ, օրինակ՝ ԵՏՄ շրջանակում, և այդ ուղին որոշակիորեն պետք է պահպանվի, հետևաբար՝ նա գլոբալ փոփոխություններ չի ակնկալում. «Պարզապես մեզ մոտ անձերը շատ հաճախ դառնում են որոշիչ, քանի որ մեր համակարգը դեռ ինստիտուցիոնալ չէ։ Այսինքն՝ պետական տարբեր ստրուկտուրաներ, ընտրություններ, դեմոկրատիա, տարբեր մարմիններ ինտիտուցիոնալ առումով դեռ կայանալու խնդիր ունեն։ Ա՛յ սա է ավելի ռիսկայինը, որ, եթե այդ ինստիտուտների գլխին կանգնող կառավարությունը տատանվի, շեղվի կամ վախենա, ապա դա ռիսկային կլինի»։
Գագիկ Մակարյանից հետաքրքրվեցինք՝ ասելով, թե կառավարությունները միմյանց իրավահաջորդն են, արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակո՞ւմ է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության որդեգրած գիծը։ «Իհարկե, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը ՓՄՁ-ների ստուգումների ծավալը նվազեցրեց, որոշ օրենքներ ընդունեց, այդ գիծն այս կառավարությունը շարունակեց, ավելի լավացրեց, ավելի հստակ ձևակերպումներ տվեց։ Հովիկ Աբրահամյանի ժամանակ հակակոռուպցիոն առաջին քննարկումները սկսվեցին, այս կառավարությունն ավելի ուժեղացրեց և ավելի լավ հիմքերի վրա դրեց դա։ Բայց նախորդ կառավարություններում եղան լուրջ վրիպումներ, որոնք Հովիկ Աբրահամյանն էլ փորձեց որոշակիորեն շտկել, իսկ հիմա Կարեն Կարապետյանն ավելի լավ է անում այդ ամենը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանի այն ձևակերպմանը, թե ով էլ լինի կառավարության կազմում, կառավարությունն իրականացնելու է ՀՀԿ նախընտրական խոստումները, Գագիկ Մակարյանը նկատեց՝ հաճախ այդ խոստումների իրականացումը լինում է ձևական և ոչ այնքան որակով։
«Տիգրան Սարգսյանն էլ էր հանրապետության նախագահի ծրագիրն իրականացնում, երկու օրը մեկ ասում էր՝ հանրապետության նախագահի ասածով է շարժվում, անընդհատ հղումներ էր կատարում, բայց Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում սկսվեցին լուրջ պրոբլեմներ, որոնք մինչև հիմա չեն շտկվում»,- ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահը։