«Փաշինյանն ԱԺ-ում այնպես է քվեարկում, ինչպես Սերժ Սարգսյանի ներկայացրած կուսակցությունը». Զարուհի Փոստանջյան
«Մեր այցելությունն Արևմտյան Հայաստան ուներ հատուկ ուղերձ, նպատակ՝ ցանկանում էինք ցույց տալ, որ հենց այդպես չկործանվեց հայոց վերջին թագավորությունը, և այսօր էլ մենք այդ տագնապի մեջ ենք։ Այսօր էլ չենք բացառում, որ ունենք խնդիր դեմոգրաֆիայի, սահմանները պաշտպանելու, տնտեսության բացարձակ փլուզման հետ, և, եթե այս խնդիրներին սթափ գնահատական չես տալիս, սխալ է, որովհետև դա եղել է մեզ հետ։ Անիից ու Կարսից ցույց ենք տվել, որ այդ ժամանակահատվածում այդ քաղաքներն ունեցել են հզոր քաղաքակրթություն, որի կրողն ենք մենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։
Նա ընդգծեց, որ, երբ քարոզարշավի ընթացքում շրջել են Արաբկիր համայնքում, նկատել են, որ այնտեղ շատ են օտարերկրացիները, որոնք սեփականություն ունեն մեր երկրում. «Իրանից եկած քաղաքացիներ և ազգությամբ ոչ հայեր։ Այս դեմոգրաֆիայի խնդիրը պետք է լինի տեսանելի, մենք նաև այս ուղերձն ունեինք»։
Հարցին՝ այսինքն՝ եթե Փոստանջյանը չդառնա քաղաքապետ, Երևանին սպասվում է այնպիսի կործանում, ինչպես Անիի՞ն, նա այսպես պատասխանեց.
«Եթե մենք չենք սթափվում, եթե չենք փոխում դավաճաններին՝ իրական նվիրյալներով և հերոսներով, ես ինձ չեմ դա վերագրում, այլ ասում եմ, որ ժողովուրդը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցնի և տեր կանգնի դրան, դավաճաններին հեռացնի։ Եթե դավաճանները շարունակելու են մնալ, իսկ այսօրվա դավաճանությունը վերագրվում է Սերժ Սարգսյանին, եթե նա շարունակելու է մնալ, ապա մենք կորցնելու ենք»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ քննադատել էր Նիկոլ Փաշինյանի՝ 15 հազար դրամների նախաձեռնությունը, Փաշինյանը կոչ էր արել դիմել դատարան, պատրաստվո՞ւմ է դիմել դատարան, թե՞ ոչ.
«Չեմ մեկնաբանելու. ասեմ, որ այդ հայտարարությունն իր մեջ պարունակում է քրեորեն հետապնդելի արարք, և իրավապահ մարմինները, կարծում եմ՝ հետևում են ողջ քարոզարշավին, և իրենք պետք է այդ հայտարարությանն ընթացք տան։ Համաձայն Քրեական օրենսգրքի՝ այն հայտարարությունները, որոնք հրապարակվում են լրատվամիջոցներով, կարող են հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար։ Հետևաբար, պետք է իրավապահ մարմինները դրան ընթացք տան, այլ ոչ թե ես։ Ես իմ գնահատականը տվել եմ՝ դատապարտում եմ նման հայտարարությունները և գտնում, որ դա կրկնում է այն արատավոր իշխանության գործունեությունը, որ այս պահին կա»։
Նա նշեց, որ Փաշինյանն ԱԺ-ում այնպես է քվեարկում, ինչպես Սերժ Սարգսյանի ներկայացրած կուսակցությունը.
«Նա կողմ է քվեարկել «1000 դրամներին», դեմ է քվեարկել իմ բազմաթիվ նախագծերին՝ որպես հանձնաժողովի անդամ, և բացի այդ՝ նա նաև ապրիլի 2-ի խայտառակ ընտրություններն ընդունել ու ճանաչել է՝ որպես լեգիտիմ, իսկ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին չի ճանաչել՝ որպես հանցագործի։ Մինչդեռ ապրիլի 2-ի ընտրություններն ուղղակի հանցագործություն էին մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Եթե ճնշում ես գործադրում, մարդկանց կաշառում ես, օգտագործում նրանց խոցելի վիճակը, հիվանդ լինելը, դեղորայքի կարիք ունենալը, և հետո այդ ժողովրդին անվանում ես «5000 դրամանոց ծախվող ժողովուրդ», դու ոչ միայն նսեմացնում ես ժողովրդի արժանապատվությունը, այլ ուզում ես ասել, որ մենք ստրուկ, վատ ժողովուրդ ենք, մինչդեռ այդպես չէ։ 1 միլիոնից ավելի մարդ այսօր Հայաստանում քաղցած է, և, եթե դա օգտագործում ես քո արատավոր գործունեության համար, հանցագործություն է։ Եվ լեգիտիմ չէր կարելի համարել այսօրվա խորհրդարանը»։