Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել
Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը մաղթել է Մուն Ջե-Ինին քաջառողջություն, ձեռքբերումներ և երջանկություն, իսկ Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել և նորընտիր նախագահն իր արդյունավետ ներդրումը կբերի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործին:
Նշելով, որ անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ձևավորվել են սերտ գործընկերային կապեր և փոխշահավետ համագործակցություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատելու երկկողմ բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ` ի շահ երկու ժողովուրդների: