Բաժիններ՝

«Փոքր և միջին գործարարներն արդեն այս տարվա արդյունքների համար ավելի շատ հարկ են վճարելու». Հակոբ Ավագյան

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հարկային օրենսգրքի այն դրույթը, որի համաձայն տնտեսվարող սուբյեկտները պետք է 5% հարկ վճարեն իրենց շահաբաժիններից։ Շահաբաժինները հարկելու դրույթը դեռ Հարկային օրենսգրքի նախագծի ներկայացման ժամանակ բուռն քննարկումների առարկա դարձավ։ Սակայն այն քննարկվում էր հիմնականում միայն խոշոր բիզնեսի և ներդրողների շահերի տեսանկյունից։

Սակայն պարզվում է՝ այդ դրույթը տարածվում է նաև փոքր և միջին բիզնեսի վրա. նրանց հարկային բեռը, փաստորեն, ծանրանալու է։

«ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այս մասին։ Սակայն հաշվի առնելով խնդրի կարևորությունը և ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին պատշաճ կերպով իրազեկման անհրաժեշտությունը՝ B4B.am-ը լրացուցիչ մեկնաբանություններ խնդրեց Հ. Ավագյանից։

«Առիթը օգտագործելով՝ ուզում եմ ձեր միջոցով փոխանցել և Զգուշացնել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, որ հենց այս պահից սկսած, Հարկային Օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում շահաբաժնի հարկման դրույթը, որը տարածվում է արդեն այս ընթացիկ տարվա արդյունքների վրա:

Այսինքն, պարզ ասած, շրջանառության հարկ վճարող, ընտանեկան ձեռնարկատիրության ռեժիմում և արտոնագրային վճարների ռեժիմում գործող ՍՊԸ-ների հիմնադիրները բացի իրենց շրջանառության հարկից, արտոնագրային վճարներից՝ մյուս տարի վճարելու ևս 5 տոկոս շահաբաժնի հարկ՝ այս տարվա արդյունքներից»,- ասաց նա:

«ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահի խոսքով՝ դրա մասին չգիտի այսօր ո՛չ շրջանառության հարկ վճարողը, ո՛չ էլ ընտանեկան ձեռնարկատիրությունով հարկերից ազատված սուբյեկտի հիմնադիրը։ «Նրանք գիտեն, թե ազատված են իրենց ծախսերը հիմնավորելուց, փաստաթղթավորելուց, բայց դրա պատճառով իրենք ստիպված են լինելու մյուս տարի վճարել լրացուցիչ 5 տոկոս շահաբաժնից հարկ: Այս մասին ոչ մի պետական իրազեկում չի արվում, ոչ ոք չի ցանկանում իրազեկել, թե ինչ է փոխվել բիզնեսի կյանքում հենց այս պահին»:

Հակոբ Ավագյանի համոզմամբ, խնդիրները գալիս են այնտեղից, որ այդպես էլ չսովորեցինք պահպանել և ապահովել մշտական երկխոսությունը պետության և մասնավոր հատվածի միջև. հենց դրա պատճառով է ամեն անգամ բիզնեսը դուրս գալիս փողոց։

«Մենք ընդունում ենք օրենքներ, կատարում փոփոխություններ՝ առանց քննարկելու բիզնես միջավայրի հետ, դրանք ուժի մեջ են մտնում, փոքր բիզնեսն իր մաշկի վրա է զգում, դուրս է գալիս փողոց` բողոքում, նոր միայն պարտադարված, արտակարգ ռեժիմում սկսում ենք երկխոսել:

Իսկ նմանատիպ դեպքերում շատ վտանագավոր երևույթներ են տեղի ունենում, որոնք, կարծում եմ, ձեռնտու չեն ոչ մի կառավարության: Ցանկացած բողոքի ակցիա շատ հեշտ կարող է ուղղորդվել արդեն քաղաքական նպատակներով՝ հեռու տանելով փոքր բիզնեսի իրական պահանջից և պայքարից՝ դրանոց իսկ վնասելով երկու կողմին:

Այդ պատճառով պետք է երկկողմանի՝ կառավարությունը իր հերթին, մենք` հասարակական կառույցներս մեր հերթին, ջանքեր գործադրել` անընդհատության ռեժիմով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը պահպանելու, միմյանց լսելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս