«Լավրովի հայտարարությունն ԱՄՆ-ին ուղղված պատասխան է». Մանվել Սարգսյան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման հասնելու է նրան, որ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանձնվի, և այդ պայքարում Ռուսաստանը կարող է գործի դնել նաև Գյումրու ռազմաբազան: «ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները, որոնք ներգրավված են Օպերատիվ հակազդման հավաքական ուժերում, մշտական պատրաստության վիճակում են: Պատրաստված են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղըզստանում ու Հայաստանում: Քանի դեռ այդ չարիքը ոչնչացված չէ, մեր առաջնահերթությունները մնում են նույնը»,- ասել է Լավրովը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ այդ հայտարարությունը եղել է ավելի լայն քաղաքականության շրջանակներում:

«Այսօր ԱՄՆ-ը Ռուսաստանին ընտրության առաջ է դրել: Հստակ Սիրիայի խնդրում ԱՄՆ-ը պահանջում է, որ Ռուսաստանը կողմնորոշվի: Այդ հարցի պատասխանը դեռ չի եղել, և մենք տեսնում էինք, որ Ռուսաստանը փորձ է անում այդ վիճակից դուրս գալու և փորձ է անում Թուրքիային վերադարձնելու իր քաղաքականության մեջ: Մենք տեսանք, որ Թուրքիան անմիջապես պաշտպանեց ԱՄՆ-ի կողմից հրթիռների օգտագործումը: Մինչ այդ էլ Ռուսաստանն ուներ իր պլանները, իր մոտեցումը` Ռուսաստան-Թուրքիա-Իրան նշմարվող ֆորմատ, որի կոնտեքստում էր Սիրիայի վերաբերյալ բանակցություններ վարում Աստանայում: Հիմա, փաստորեն, այս քաղաքականությունը վտանգի տակ է»,- ասաց Մ.Սարգսյանը:

Նրա կարծիքով` ՌԴ-ի հիմնական խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելն է, որտեղ ինչ-որ հաջողություն, կարծես, կա, որովհետև Թուրքիան երկկողմանի էր խաղում ու, թեև հայտարարեց, որ ԱՄՆ-ին է պաշտպանում,  բայց այս իրավիճակն օգտագործելով՝ ՌԴ-ի հետ փորձում է վերականգնել հարաբերությունները. «Ես կարծում եմ` հենց այս մթնոլորտն է, որտեղ իմաստ եղավ Լավրովի կողմից նման հայտարարություն անելու, որ Ռուսաստանի բազաները նույնպես կմիջամտեն այդ ԻԳԻԼ-ի դեմ պայքարում: Թե կոնկրետ դա ի՞նչ է նշանակում, որտե՞ղ պետք է աշխատեն, ի՞նչ է նշանակում՝ պայքար իսլամական տեռորի դեմ, այս հարցերն այնքան բարդ են, որ բովանդակային առումով դա հասկանալը դժվար է: Բայց դա դիրքորոշում է, որ կարծես պետք է լրջացնի ՌԴ-ի ջանքերը:

Ըստ երևույթին, ՌԴ-ն որևէ կերպ չի կարողանում ԱՄՆ-ին պատասխան տալ և ընդամենն ասում է, որ այդ ֆորմատով` Թուրքիա-Իրան-ՌԴ, այն էլ՝ ՌԴ բազաներն օգտագործելով, մեր պայքարը կտանենք: Դա ավելի շուտ ԱՄՆ-ին ուղղված ինչ-որ ձևով պատասխան է և աբստրակտ ու գլոբալ քաղաքականության հետ կապված հայտարարություն է, քան թե կոնկրետություն: Հայաստանի ռազմաբազան ի՞նչ պետք է անի, ո՞ւմ դեմ է կռվելու, որտե՞ղ են այդ տեռորիստները»:

Տեսանյութեր

Լրահոս