«Եթե չգիտեք՝ բյուջեն ոնց լցնել, եկեք՝ սովորեցնեմ». Հրաչ Բերբերյան
«Ջրամբարները բավականաչափ լցված են ջրով, և չեմ կարծում, որ կհասցնեն այն մակարդակի, որ գյուղացու համար խնդիրներ ստեղծեն։ Եթե ոռոգման խնդիրներ ստեղծեն, մենք միանշանակ հակահարված ենք տալու, որովհետև այս տարի դժվար թե շատ շոգ ամառ ունենանք»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ թեև տարին բարենպաստ է կարտոֆիլի համար, բայց կարտոֆիլի ցանքատարածությունները մոտ 30-40%-ով կպակասեն։ Դա, ըստ Բերբերյանի՝ պայմանավորված է նրանով, որ գյուղացին ունի խոշոր վարկեր, որոնք չի կարողանում մարել.
«Այսօր ունենք պահանջարկ, բայց գումար չունենք, որ փոխանցենք համապատասխան կազմակերպություններին, որ այդ սերմացուն ներկրվի Հայաստան։ Երկրորդ վատ տենդենցն այն է, որ սուպերմարկետներում հայտնվել է միջին չափի կարտոֆիլ, որը հենց սերմացուն է։ Այսինքն՝ գյուղացին, գումարի կարիք ունենալու պատճառով, սերմացուն է հանել, պարենային կարտոֆիլի փոխարեն վաճառում։ Հետևաբար՝ կարտոֆիլի ցանքատարածությունները կպակասեն, իսկ հաջորդ տարի կարտոֆիլի գինը կբարձրանա, և կունենանք թանկարժեք կարտոֆիլ»։
Հ. Բերբերյանը նկատում է՝ այս ամենի պատճառը սխալ գյուղատնտեսական քաղաքականությունն է. «Այսպես երկիր կառուցել չենք կարող։ Դեմագոգիան հասել է նրան, որ ինչ-որ մեկը Հայաստանում մի հէկ է առնում ու ասում՝ ներդրում եմ անում։ Տղա ջան, ներդրումը գույք ձեռք բերելը չէ, այլ նոր գործարան կառուցելն է, նոր տեխնոլոգիաներ ներդնելն է։ Բանը հասել է նրան, որ սոխի սերմացու ներկրելու համար հարկ են գանձում։ Հայաստանի պահանջարկը 10 հազար տոննա սոխ է, որի 5 հազարը մեր միավորման ֆերմերներն արտադրում են։ Մենք պետք է խթանենք, որ ինքնաբավ դառնանք, բայց հիմա սերմի վրա 5% պետտուրք են սահմանել։ Սերմի վրա պետտուրքը ո՞րն է, եթե չգիտեք՝ բյուջեն ոնց լցնել, եկեք՝ սովորեցնեմ։ Բյուջեն սերմացուի պետտուրքով չեն լցնում, դա հարկի տեսակ չէ։ Ո՞նց կարող է պետտուրքը լինել 5%։ Մարդիկ կան, որ ուզում են՝ Հայաստանը սոխի, կարտոֆիլի արտադրությամբ չզբաղվի, անապատացնում են Հայաստանը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում